«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստ, «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի ազատ արձակման պահանջով երեկ բողոքի ակցիա էին անցկացրել նրա համակիրները՝ շղթաներով իրենց ասֆալտին ամրացնելով։ Ակցիայի ժամանակ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ակտիվիստների միջև։
Բախման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը, գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ևս 16 հոգի բերման էին ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, ապա ազատ արձակվել: Ակցիայի մասնակիցները երեկ և այսօր պնդում են, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, բռնության են ենթարկել իրենց: Նրանք նույնիսկ մատնանշում են այն ոստիկանին, ով, ակցիայի մասնակիցների խոսքով, ոտքով հարվածել է Ռուզաննա Եղնուկյանի գլխին: Այդ ոստիկանը, ակտիվիստների պնդմամբ, Գոռ Սահակյանն է (նկարում՝ աջը): Սակայն, պետք է շեշտել, որ ոստիկանի կողմից Ռուզաննա Եղնուկյանին իբր խփելու պահը տեսախցիկները չեն ֆիքսել։
Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Տիգրան Մազմանյանն էլ պնդում է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետավորներ) հրամանատար Խաչիկ Հովակիմյանը պոկել է իր արծաթյա վզնոցը, ինչի արդյունքում այն կորցրել է:
Երեկվա միջադեպի և ակտիվիստների պնդումների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն խնդրեց ոստիկանության լրատվական վարչությունից: Վարչությունից նշեցին, որ երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: