Կարծում եմ՝ լավ խաղացինք, ճիշտ է՝ գոլ չկարողացանք խփել, բայց համեմատած նախորդ խաղերի հետ՝ ավելի լավ էինք գործում, ավելի շատ պահեր ստեղծեցինք: Կարծում եմ՝ վատ չէր առաջին հանդիպման համար: Mediamall.am թղթակցի փոխանցմամբ այս մասին Բելառուսի դեմ հանդիպումից հետո նշեց մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:
- Դրվագներից մեկում հարված ստացաք ոտքին: Ամեն ինչ նորմա՞լ է:
- Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է:
- Ի՞նչ կասեք նորեկների խաղի մասին, ստացվե՞ց նրանց հետ համագործակցությունը:
- Կարծում եմ՝ Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը երկար բացակայությունից հետո շատ լավ հանդես եկան դաշտի կենտրոնում: Փոխարինման մտած մյուս ֆուտբոլիստներն էլ նույնպես լավ գործեցին: Կարծում եմ, որ դեռ ժամանակ է պետք նրանց մերվելու համար և օգնելու: Հույս ունենանք, որ հավաքականն ավելի ուժեղ կդառնա:
- Երիտասարդ դարպասապահի ներկայությունը հոգեբանորեն ազդե՞լ էր ձեզ վրա:
- Եթե ազգային հավաքականում է հանդես գալիս, ուրեմն պատրաստ է: Հնարավոր է՝ լարվածություն կար, որովհետև իր առաջին հանդիպումն էր, կարծում եմ՝ լավ հանդես եկավ, կարողացավ մի քանի դրվագում փրկել, հույս ունենք, մնացած հանդիպումներում էլ ավելի լավ կգործի:
- Մարզչի առաջադրանքից ի՞նչը հաջողվեց, ի՞նչը՝ ոչ:
- Խաղից հետո մարզիչը գոհունակություն հայտնեց, ասաց, որ կատարեցինք գրեթե այն ամենը, ինչ նա մեզ հանձնարարել էր: Փորձեցինք անել այն, ինչ մեզանից պահանջվում էր, պակասում էր միայն գոլը:
- Բերեզովսկու փոխարինման պահը խորհրդանշական ստացվեց. ինչպիսի՞ զգացողություններ ունեիք այդ պահին:
- Բերեզովսկի գնալու պահը հաճելի զգացողություն էր: Ճանապարհում էինք մեկին, ով 19 տարի ազգային հավաքականի համար ոչ մի բան չի խնայել, միշտ խաղացել է բարձր մակարդակով և կարողացել է հոգի ու սիրտ դնել, որպեսզի ուրախացնի այս ազգին:
- Հավաքականում հոգեբանական ի՞նչ վիճակ հիմա՝ կապված ՀՖՖ նախագահի վերջին հայտարարությունների հետ:
- Հայտարարություններին ուշադրություն չենք դարձնում, մեր գործը ֆուտբոլ խաղալն է: Եթե մարզիչը չի ուզում հրավիրի ինչ-որ ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել, ասել, որ պետք է հրավիրի, մեզանից ինչ հասնում է, մենք մտնում, խաղադաշտում անում ենք: