ffa.am Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Երեխաների չորրորդ միջազգային ծրագրին կոնֆերանսը, որին ներկա էին կազմկոմիտեի անդամ Ամինա Կոնուրբաևան, Հայաստանում ծրագրի իրականացման պատասխանատու, ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, Միլան մեկնող թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Մարտիրոսյանը:
Ռուբեն Մարտիրոսյան. «Շատ ուրախ ենք, որ մեկնելու ենք Միլան: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ցույց տանք, թե ինչի ենք ունակ և պատվով ներկայացնենք մեր երկիրը»:
ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից և 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 32 երկրներ:
Վարդան Մինասյան. «Ժամանակակից պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքը կազմում է մանկապատանեկան ֆուտբոլը: Սա շատ գովելի նախաձեռնություն է և շատ կարևոր հատկապես այն երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան շփվել այլ երկրների երեխաների հետ և առնչվել եվրոպական ֆուտբոլին»:
Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:
Ամինա Կոնուրբաևա. «ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ծրագրի աշխարհագրությունն օր-օրի ավելի է ընդլայնվում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը ևս ընդգրկվել է այս ծրագրի շրջանակներում: Վստահ ենք, որ հայ պատանի ֆուտբոլիստների ներգրավումը նոր ազդակներ կհաղորդի ծրագրի հետագա իրականացմանը»: