8 տարի առաջ Երևանի հարյուրավոր բնակիչներ պայմանագիր են կնքել ու գումարներ վճարել Նորաշեն կորպորատիվի սեփականատեր Վիգեն Ղանդիլյանի հետ՝ բնակարաններ ստանալու համար։ Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, սակայն հետագայում բնակիչները պարզում են, որ իրենց բնակարանները մինչև վերջ չեն կառուցվում՝ գումարի բացակայության պատճառով:

 

Կառուցապատողները վաշխառուներից գումարներ են վերցնում՝ դրանց դիմաց տրամադրելով կառուցված բնակարանների սեփականաշնորհման վկայականները, որպեսզի կարողանան ավարտին հասցնել շենքերի կառուցումը: Բնակիչներից որոշների բնակարանները մինչև այսօր պատկանում են այդ վաշխառուներին, քանի որ վերջիններս դրանք ստացել են տոկոսով գումար տրամադրելու դիմաց: Այսօր կառավարության դիմաց հավաքվել էին այդ նույն կորպորատիվի սեփականատերերից խաբված բնակիչները, ովքեր բողոքում են, որ արդեն 5 տարի է՝ դատական պրոցեսների մեջ են, սակայն ապարդյուն. իրավապահ մարմիններն արդար դատաքննություն չեն իրականացնում։ 

 

Բնակիչներից մի քանիսը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեղեկացրին, որ վաշխառուների թվին է պատկանում նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իր ամուսին՝ Դավիթ Բեգլարյանը և մի շարք այլ բարձրաստիճան անձինք։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ Հերմինե Նաղդալյանը և իր ամուսինը կորպորատիվի սեփականատերերին տոկոսով գումար են տրամադրել, որպեսզի վերջիններս կարողանան, իբր, շինարարությունն ավարտին հասցնել: Դրա դիմաց նրանք ստացել են բնակարանների սեփականության վկայականները։ Եվ այսօր Նորաշեն կորպորատիվիչն բնակիչները հայտնվել են այս անելանելի վիճակում։ Նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են արդար դատավարություն ապահովել։ 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութերում։