ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում չվերթները մինչև ապրիլի վերջ դադարեցվել են։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Սակայն, ուշագրավն այն է, որ գյումրեցիների շրջանում բավական ակտիվ շրջանառվում է վարկածը, որ օդանավակայանը համապատասխան վերանորոգումից ու տեխնիկայով հագեցումից հետո դառնալու է ռուսական ռազմական օդանավակայան։ Այնտեղից սովորական թռիչքներ չեն լինելու։ Այս տեղեկությունը ճշտելու համար նախ կապ հաստատեցինք օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանի հետ։ Ի զարմանս մեզ՝ պարոն Չուխաջյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տրամադրելուց, քանի որ իրեն արգելված է որևէ տեղեկություն տրամադրել: Նա, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունները: Տնօրենի այս տարօրինակ պահվածքն առիթ տվեց ևս մեկ անգամ մտածելու, որ վարկածը, որը արդեն տևական ժամանակ է՝ պտտվում է Գյումրիում և առհասարակ Շիրակի մարզում, միգուցե և համապատասխանում է իրականությանը։

 

Կապ հաստատեցինք նաև «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, ով հաստատեց, որ չվերթները դադարեցվել են: Աբրահամյանը հերքեց, որ օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ «Օդանավակայանը կազմ ու պատրաստ է, վերանորոգման անհրաժեշտություն չկա։ Ավիաընկերությունն է դադարեցրել չվերթները»,- ասաց Աբրահամյանը։

 

Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ է իրականացնում ռուսական «Վիմ ավիա» ընկերությունը։ Ըստ տեղեկությունների՝ այս ավիաընկերությունը չվերթները դադարեցրել է ուղևորներ չլինելու պատճառով։ Սակայն, այս վարկածը չի կարող իրականությանը մոտ լինել այն պարզ պատճառով, որ Շիրակի մարզից միայն դեպի Ռուսաստանի Դաշնություն գնացողները հազարավոր են։ Ինչքան էլ ցավալի է՝ մարզն արտագաղթի ցուցանիշով Հանրապետությունում առաջինն է: Եվ հիմնականում արտագաղթում են ՌԴ:

 

Մեկ հանգամանք ևս նշենք. «Զվարթնոց» օդանավակայանից այս ավիաընկերությունը շարունակում է չվերթներ իրականացնել: Այսինքն՝ ավիաընկերության հետ պայմանագրի չեղարկման և առհասարակ Հայաստանից չվերթների դադարեցման տարբերակը ևս բացառվում է: ԼՈՒՐԵՐ.com-ը թեմային հետևողական կլինի։

 

Քրիստինա Աղալարյան