Առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ճիշտ է, կան որոշ հատվածներ, որտեղ այդ լարվածության թուլացումը բավականին լայն կերպով արտահայտվում է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Ընդհանուր առմամբ, հակառակորդը շարունակում է իր ահաբեկչական և ապակառուցողական քայլերը»,- նշել Բաբայանը: Հարցին՝ սա պատերա՞զմ է, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Կարելի է ասել ոչ լայնածավալ, բայց ինչ-որ ձևով՝ սահմանափակ կարգով, այո, պատերազմ է»:
Բաբայանը նաև հավելել է, որ հակառակորդը հիմնականում գնդակոծում է Մարտակերտը և հարակից մի քանի գյուղեր: «Սա նոր ոճ է, որը որդեգրել է հակառակորդը: Այսինքն, նա միշտ էլ խախտում է զինադադարի ռեժիմը՝է սկսած 1994թ.-ից, սակայն նման ծավալով երբեք չի եղել, սա աննախադեպ է: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ, թեպետ արդեն դրա մասին խոսելը մի քիչ տեղին չէ, բայց այս պահի դրությամբ կայունությունն ու խաղաղությունը պահպանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը և հակառակորդի բոլոր ոտնձգությունները կասեցվում են»,- ընդգծել է Բաբայանը:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ թշնամու համար հեշտ խոցելի բնակավայրերից հիմնականում կանանց և երեխաների տեղափոխել են կողքի գյուղեր, սակայն մասսայական տարհանում չի իրականացվել:
Ամփոփելով առաջնագծում կատարվող իրադարձությունները՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից մի շարք քայլեր են ձեռնարկվել, որոշ տեղերում առաջնագծի ուղղությունը փոխելու համար: «Նրանց ժամանակավորապես հաջողվել է որոշ բարձունքներ վերցնել, բայց այնուհետև ստիպված թողել է այդ դիրքերը կամ, կարելի է ասել, հետ է շպրտվել ելման դիրքեր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմն ունի շատ մեծ կորուստներ: Դուք արդեն տեղյակ եք, որ խփվել է երկու ուղղաթիռ, երեք անօդաչու սարք, մոտ 16 տանկ: Խոցվել է նաև «Գրադ» տիպի հրթիռահրետանային կայանը: Նրանք ունեն մոտավորապես 200-300 զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նրանց զինված ուժերում տիրող խուճապը փոխանցվել է նաև խաղաղ բնակչությանը: Մասնավորապես, Թարթառի շրջանում, Բարդայի շրջանում և մի շարք այլ շրջաններում, որոնք սահմանակից են Արցախին, սկսվել է բնակչության մասսայական արտահոսք: Իհարկե, մենք դրանով որևէ կերպ չենք հրճվում կամ ուրախանում: Մենք դեմ ենք, որպեսզի պատերազմ լինի և կողմնակից ենք խաղաղ կարգավորման: Սակայն սա չի նշանակում, որ մենք թույլ ենք կամ ի վիճակի չենք պաշտպանվել: Դուք տեսնում եք, որ մենք ի վիճակի ենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանապատվությունը բարձր պահենք»,- ասել է Բաբայանը:
Նա նաև վստահեցրել է, որ Արցախում բնակչության շրջանում խուճապ չկա: «Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, և դա բնական է: Բայց, ընդհանուր առմամբ, խուճապ չկա, և սա ամենավառ ձևով դրսևորվում է կամավորների մեծ հոսքով Արցախի տարբեր բնակավայրերրից: Նույնիսկ դպրոցական երեխաներն են գալիս, փորձում են զինվորագրվել: Իհարկե, զինկոմիսարիատները չեն ընդունում նման երիտասարդների, սակայն այս ամենը ցույց է տալիս ժողովրդի ոգին: Կան բազմաթիվ կանայք, ովքեր գալիս են և փորձում են զինվորագրվել: Այս ամենը ցույց է տալիս, որ վախ կամ խուճապ չկա: Ճիշտ է, ներկա դրությամբ պաշտպանության բանակն առանց այդ կամավորների ներգրավման ի վիճակի է ամբողջությամբ կատարել իր առջև դրված խնդիրները»,- ընդգծել է Բաբայանը:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, թե Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունները՝ Բաբայանը նկատել է՝ եթե այդ հայտարարությունն ինչ-որ կապ ունենար իրականության հետ, միգուցե, պաշտոնական Ստեփանակերտը դրական արձագանքեր: «Բայց ժամվա ընթացքում պաշտոնական Բաքուն նման հայտարարություն է արել, բայց երկու անգամվա ընթացքում էլ իրականությունը լրիվ տարբեր էր այդ հայտարարություններից: Ադրբեջանը, կատարելով նման հայտարարություններ, շարունակել է կոպտորեն խախտել զինադադարը, նույնիսկ մի շարք հատվածներում փորձ է կատարել ճեղքել Արցախի Հանրապետության պետական սահմանը: Եվ դա մենք որակում ենք որպես սադրիչ գործողություն, ինչ-որ ձևով նաև միջազգային հանրության նկատմամբ հեգնանքի դրոևորում: Որովհետև չի կարելի բացեիբաց նման հայտարարություն անել ու խաբել և՛ միջազգային, և՛ սեփական հանրությանը:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ այս ընթացքում Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» զինատեսակ, Դավիթ Բաբայանը նշեց, որ իրենք էլ նման տեղեկություններ ունեն, որոնք ճշտված չեն: «Ունենք որոշ չճշտված տեղեկություններ և ոչ միայն «Սմերչ» կիրառելու վերաբերյալ, այլ նաև նրա մասին, որ Ադրբեջանը որպես վարձկաններ իր բանակի շարքերում ներգրավել է «Գորշ գայլեր»-ի և մի շարք այլ ահաբեկչական խմբերի անդամների: Դրա մասին կան դեռևս չճշտված տվյալներ, բայց մենք, երևի թե կունենանք ապացույցներ, որոնք կլինեն ավելի վստահելի: Այս ամենը ցույց է տալի ս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 2-ի դրությամբ վիրավորների թիվը 40 է, որոնց վիճակը ծանր է: «Բայց մեր առողջապահության նախարարությունը, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարցկանց կյանքը փրկեն: Եվ ոչ միայն նրանց կյանքերը փրկեն, այլ այնպես անեն, որ նրանք հաշմանդամ չդառնան: Սա զգայուն և երկարատև գործընթաց է, բայց բժիշկները անում են ամեն ինչ»,- ասաց Բաբայանը:
Հարցին՝ հրապարակվելո՞ւ են արդյոք զոհվածների անունները, Բաբայանը պատասխանել է «Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Դեռևս ճշտելու բաներ կան, երբ ամեն ինչ պարզ կլինի, բնական է, որ հանրությունը տեղյակ կլինի: Ըստ ամենայնի, մենք այսօր զոհեր չենք ունեցել: Տեսնենք, ինչպես է զարգանում իրավիճակը, որովհետև թշնամին նույնիսկ գիշերվա ժամերին օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ՝ մթությունը որպես թաքնվելու մի ձև օգտագործելով: Հույս ունենք, որ մենք այլևս զոհեր չենք ունենա»: