«Հրադադարի հաստատումը ձեռնտու է երկու կողմերին»-, համոզված է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը։ Բադասյանը վստահ է՝ հրադադարի հաստատումը եղել է ադրբեջանցիների խնդրանքով, որովհետև նրանց նախապես մշակած պլանը ձախողվել է, և կրել են մեծ կորուստներ։
«Այնպես չէ, որ հարավում և հյուսիսում ընդամենը մի քանի դիրքեր գրավելով՝ իրենց ցանկությունները կատարվել են: Նրանք ուզում էին ավելի մեծ տարածքներ գրավել, օկուպացնել Ղարաբաղը, ճնշել: Հրադադարի ռեժիմը խախտելով, խփելով մեր խաղաղ բնակչությանը, բնակավայրերին՝ նրանք կարողացել են փոքր-ինչ հաջողություն ունենալ, սակայն մենք թույլ չենք տվել զարգացնել դա։ Պաշտպանության բանակի համարժեք հարվածները, մեր կամավորների, ազատամարտիկների աջակցությունը, թույլ տվեցին ոչ միայն կասեցնել, այլև մեծ հարվածներ հասցնել հակառակորդին։ Այո, մենք ևս կորուստներ ունեցանք, բայց ադրբեջանցիներն ավելի շատ կորուստներ ունեցան։ Մենք ինչքան կորուստներ ունեցել ենք հատ առ հատ, անուններով հրապարակել ենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը։
ԼՂՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցիները համարում են, որ Ղարաբաղն իրենց անբաժան մասն է. «Մենք էլ համարում ենք, որ Ղարաբաղը ոչ մի անգամ Ադրբեջանի մաս չի եղել և չպետք է լինի։ Ադրբեջանի հետ մենք ապրել չենք կարող և հնարավոր չէ։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ անհնար է կողք կողքի ապրել։ Նրանք մտել են մեր գյուղը և անմիջապես մորթել են անմեղ տարիքով մարդկանց, մորթել են՝ ում տեսել են։ Եթե երեխաներ տեսնեին, իրենց էլ կմորթեին։ Եթե իրենք ասում են՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ուզում են աշխարհին ապացուցել, որ Ղարաբաղը պետք է լինի իրենց կազմում որպեսզի մորթե՞ն ղարաբաղցիներին, դա՞ է նրանց նպատակը»։
Վահան Բադասյանն ավելի քան վստահ է՝ Ադրբեջանն ինքը պետք է լինի ինչ-որ մեկի վերահսկողության տակ. «Նրանք անկախ ապրելու իրավունք չունեն։ Նրանք պետք է ապրեն ինչ-որ մեկի կոնտրոլի տակ, որպեսզի չկարողանան տարածել մորթելու, սպանելու իրենց նկրտումները։ Օրինաչափություններ կան աշխարհում, որոնք պետք է պահպանվի»։