Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Այցելության նպատակը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր' ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:
Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին' հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը և իր, և հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է: