Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջնային գծի հարավային ուղղությամբ կիրառել է նաև 9К58 («Սմերչ») համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգ: Թշնամին Արցախում այդ համակարգը կիրառել էր նաև ապրիլի 2-ի, լույս 3-ի գիշերը, ինչը մեզ հետ զրույցում հաստատել էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

 

Ադրբեջանի և Հայաստանի (հնարավոր է նաև՝ ԼՂՀ) զինված ուժերի սպառազինության կազմում առկա այս զինատեսակին անծանոթ մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե «Սմերչն» իրենից ինչ է ներկայացնում, ինչո՞վ է տարբերվում Արցախյան առաջին պատերազմում երկու կողմերից էլ օգտագործված համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգից: Միանգամից ասենք, որ տարբերությունները և թիրախի խոցման ճշգրտության, և ռեակտիվ արկերի տրամագծի և հեռահարության, և կրակային հզորության կամ ավերիչ ուժի առումներով բավական մեծ են:

 

Եթե խորհրդային արտադրության, խորհրդային բանակի սպառազինության կազմում 1963 թվականից ընդգրկված 9К51 («Գրադ») համակարգի 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկերի առավելագույն հեռահարությունը 42 կիլոմետր է, ապա «Սմերչի» 300 մմ տրամաչափի ռեակտիվ արկերինը՝ 70-120 կիլոմետր՝ կախված կիրառվող ռեակտիվ արկի տեսակից (ըստ որոշ տեղեկությունների, Չինաստանին հաջողվել է «Սմերչի» առավելագույն հեռահարությունը հասցնել 180 կիլոմետրի): Եթե «Գրադի» խոցման մակերեսը 145 000 քառակուսի մետր է, «Սմերչինը»' 672 000 քմ (67 հեկտար): Ավելին. եթե «Գրադի»՝ թիրախի խոցման ճշգրտությունը ռեակտիվ արկի 40 կիլոմետր թռիչքի դեպքում մինչև 200 մետր է, ապա «Սմերչինը»՝ 150 մետրից չի անցնում:

 

«Սմերչը» խորհրդային բանակի սպառազինության կազմում ընդգրկվել է 1987 թվականից: Այն իր հեռահարությամբ ու թիրախի խոցման արդյունավետությամբ մոտ է «Երկիր-երկիր» դասի մարտավարական նշանակության հրթիռներին, ինչպիսին է, օրինակ, «Точка-У»-ն: Երեք «Սմերչ» համակարգը թիրախի խոցման արդյունավետությամբ հավասարազոր է երկու «Точка-У»-ին: Որպես համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ռեակտիվ արկի մարտավարական-տեխնիկական բոլոր կարևոր բնութագրիչներով աշխարհում այսօր չունի իրեն հավասարը, թերևս բավական է ասել միայն, որ հեռահարությամբ ամերիկյան նմանակին գերազանցում է ավելի քան կրկնակի: Մարտավարական-տեխնիկական բնութագրիչներով այդ առումով այն գերազանցում է նաև խորհրդային արտադրության «Торнадо-Г» և «Ураган» համակարգերին: «Սմերչի» արկերի զրահարությունը 120-160 միլիմետր է:

 

«Սմերչի» ռեակտիվ արկերը տարբեր են, տարբեր են նաև դրանց մարտագլխիկները կամ մարտական մասերը, դրանք լինում են բեկորային-ֆուգասային, թերմոբարիկ, կասետային, ֆուգասային: Կա նաև «Սմերչի» ռեակտիվ արկի այնպիսի տեսակ, որով հակառակորդի տարածք է հասցվում ժամում մոտ 150 կմ արագությամբ շարժվող, տեսապատկերներ և այլ տվյալներ փոխանցող անօդաչու թռչող սարք, «Սմերչի» սպառազինության կազմում կարող են լինել նաև հակատանկային ականներ պարունակող մարտական մասերով ռեակտիվ արկեր: Կան նաև «Սմերչի» ինքնանշանառող մարտագլխիկով կառավարվող ռեակտիվ արկեր, որոնք թիրախի խոցման բարձր ճշգրտություն ունեն:

 

Ի դեպ, «Սմերչ» համակարգը միայն ռեակտիվ արկերի արձակման կայանքը չէ, դրա մեջ մտնում են նաև 1Т12-2М տոպոգրաֆիական նկարահանման համար նախատեսված ավտոմեքենան, 1Б44 ռադիոպելանգացիոն մետերոլոգիական համալիրը և այլ բաղադրիչներ: «Սմերչ» համակարգերն արկերի արձակումից հետո հնարավոր է շատ արագ լիցքավորել նոր արկերով ու դարձյալ օգտագործել, ինչը հակառակորդի դեռ ողջ մնալու պարագայում վերջինիս հնարավորություն չի տալիս նահանջել կրակի գոտուց։

 

Ռուսաստանն իր սպառազինության կազմում վերը նշված բոլոր արկերից ունի, այլ հարց է, թե «Սմերչի» արձակման կայանքները տարբեր երկրների վաճառելով, դրանք ի՞նչ տիպի և ի՞նչ հնարավորություններ ունեցող ռեակտիվ արկերով, ինչպես նաև կրակի (թռիչքի) կառավարման ավտոմատացված ինչ համակարգերով («Виварий», թե «Слепок-1») է վաճառում: Հայտնի է, որ այլ երկրներ արտահանման համար նախատեսված ռուսական «Սմերչի» մեկ համակարգի արժեքը 12,5 մլն ԱՄՆ դոլար է, սակայն դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը բոլոր այն երկրներին, որոնց վաճառել է այդ համակարգերից, տվել է իր ունեցած արդիականացված տարբերակները: Խոսքը մասնավորապես Ադրբեջանի մասին է, թերևս նաև Հայաստանի, որին Ռուսաստանը «Սմերչ» համակարգից վաճառել կամ շուտով վաճառելու է վերջերս Հայաստանի վերցրած 200 մլն դոլար վարկի շրջանակում:

 

Ադրբեջանը 2004-2005թթ. «Սմերչ» համակարգեր ստացել է Ուկրաինայից, 2007թ. դրությամբ արդեն 12 միավոր ուներ: Բացի այդ, Ռուսաստանի հետ 2001-2012թթ. պայմանագիր է կնքել «Սմերչի» 18 համակարգ ստանալու վերաբերյալ: Մատակարարումը սկսվել է 2013 թվականից, 2013թ. հունիսի 26-ին Բաքվի ռազմական շքերթում այն ցուցադրվել է: Երեք միավոր էլ Վրաստանն ունի' դարձյալ Ուկրաինայից ձեռք բերած: Վերոնշյալ պետություններից բացի, Ալժիրը, Վենեսուելան, Հնդկաստանը, ԿԺԴՀ-ն, Բելառուսը, Քուվեյթը, Պերուն, Թուրքմենիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքմենիան նույնպես ունեն այդ համակարգերից: Թե Ռուսաստանը Հայաստանին վերոնշյալ վարկային համաձայնագրի շրջանակում «Սմերչի» քանի համակարգ է վաճառելու, չի հրապարակվում: Ձեռք բերվող զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի քանակի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև Երևանում 2015թ. հունիսի 26-ին կնքված վարկային համաձայնագրում ու նրան կից հավելվածում ընդհանրապես տվյալներ չկան, քանակները, ինչպես ենթադրելի է, նշվելու են յուրաքանչյուր զինատեսակի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի համար կնքվելիք առանձին պայմանագրում:

 

Դատելով նրանից, որ ապրիլի 2-ի, լույս 3-ի, ապա նաև ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ-ի վրա արձակված «Սմերչի» ռեակտիվ արկերն ավերածություններ կամ մեծ ավերածություններ չեն առաջացրել, ոչ էլ մեծաթիվ զոհերի մասին հաղորդագրություն կա, կարելի է ենթադրել, որ այդ արկերն իրենց թիրախին չեն հասել, եղել է նաև չպայթած արկ: Այս իրողությունից թերևս կարելի է եզրակացնել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչի» ռեակտիվ արկերը եղել են անորակ կամ հին, դեռ խորհրդային արտադրության, համենայն դեպս, այդ արկերի արդիականացված տարբերակները չեն եղել: Հնարավոր է նաև, որ դրանց թռիչքի կառավարումն է սխալ կատարվել:

 

Արթուր Հովհաննիսյան