Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և և գրավել հայկական կողմի երկու դիրքեր: Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Վերջինս հավելել է, որ ադրբեջանական կողմի երկու փորձն էլ անհաջողությամբ են պսակվել, հակառակորդը հետ է շպրտվել:
Գնդապետի խոսքով՝ հակառակորդի այս գործողությունները ներթափանցման փորձեր են, սակայն դրանք որպես դիվորսիոն գործողություններ գնահատել չի կարելի: Նա նաև նշեց, որ հակառակորդի կորուստների մասին տվյալները դեռևս լրահետախուզվում են:
«Կրակի դադարեցումից հետո ադրբեջանական սադրանքներին ի պատասխան ՊԲ-ն կրակ չի բացել: Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից հետո մեր կողմից որևէ կրակոց չի արձակվել, դրանից հետո կորուստների մասին ևս տեղեկություն չկան»,- նշել է Առստամյանը:
Անդրադառնալով հակառակորդի ռեզերվների տեղաշարժի մասին հարցին՝ գնդապետ Առստամյանը նշեց, որ դրանք դեռ գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու՝ օպերատիվ օղակում, մարտական գործողությունների շրջանում են, սակայն վաղ է դեռ գնահատական տալ, թե արդյո՞ք կլինեն հարձակողական գործողություններ թե՞ ոչ: