Մոսկվայում ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նախապես չհայտարարված հանդիպման արդյունքում, ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից կրակի դադարեցման վերաբերյալ: Թե ինչքան ժամանակով, չի նշվում, անհայտ է… Առայժմ ոչ ոք միանշանակ չի կարող ասել՝ պատերազմը կվերսկսվի՞ Հայաստան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 7-ին կատարելիք երկօրյա այցից հետո, թե՞ ոչ:

 

 

Ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի  հարցի, թե Ադրբեջանի և Արցախի շփման գծում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի սկսած ռազմական լայնածավալ գործողություններն ի՞նչ նպատակ էին հետապնդում, ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստի գնդապետ Հայկ Նահապետյանն ասաց.

 

 

«Ակնհայտ է, որ սադրանքի մասին խոսք չի կարող լինել՝ նկատի ունենալով ռազմական գործողություններում ներգրավված զինատեսակները, ռազմական տեխնիկան և մարդուժը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը փոքրամասշտաբ պատերազմ սկսեց, այլ խնդիր է, թե իր առջև ինչ նպատակ էր դրել, ենթադրենք, նպատակ դրե՞լ էր, որ Ղարաբաղն ամբողջությամբ պետք է, ինչպես իրենք են բարբաջում՝ «ազատագրի», խնդիր դրե՞լ էր, որ Հայաստանը պետք է ազատագրի հայերից, քանի որ համարում է, թե Հայաստանը հին Ադրբեջանն է:

 

 

Կարծում եմ, որ այս տարածաշրջանում երկու պետության տվյալ ռազմական բախումը, որը պատերազմական էր, չեն որոշում այդ պետությունների ղեկավարները, որոնց հիմնական կառավարումը գտնվում է իրենց երկրի սահմաններից դուրս, այսինքն՝ արտաքին կառավարման ներքո են: Խոսքս Ադրբեջանի մասին է, Հայաստանը՝ պակաս չափով: Հետևաբար, ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց մասին խոսում ենք, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախման արտահայտությունն էին այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Ռուսաստանի և իր դաշնակիցների, և Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների:

 

 

Գիտենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, այս տարածաշրջանում ամենառազմականացված պետությունն է, գիտենք, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի բազաներ կան, որ իրենց ռազմական ուժը, զինվածությունը, տեխնիկան, մարտավարությունը, ռազմավարությունը ՆԱՏՕ-ի ստանդարտներով են այլևս, Ադրբեջանինն էլ հիմնականում նույնն է: Հայաստանը լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ, փոխադարձ պարտավորություններ ունի այդ կազմակերպության և կազմակերպության անդամների հետ»:

 

 

Ըստ մեր զրուցակցի՝ քանի որ Ղարաբաղը ՀԱՊԿ-ի կողմից չի ճանաչվել առանձին պետություն կամ Հայաստանի մաս, ԼՂՀ տարածքում ռազմական գործողություններին միջամտելը ՀԱՊԿ-ի պարտավորությունների տիրույթում չէ, սակայն այն, որ ռազմական գործողությունները գերտերությունների շահերի բախման հետևանք էին, համենայն դեպս, իր համար ակնհայտ է: Այս կապակցությամբ Հայկ Նահապետյանի հետ մեր հանգամանալից հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:

 

 

Արթուր Հովհաննիսյան