ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր զինծառայող: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
«Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր: Մնացածի վիճակը բավարարին մոտ է և բավարար: Հոսպիտալում եղել է 5 ծայրահեղ ծանր հիվանդ, Հրայր Բաղդասարյանի վիճակն արդեն գնահատվում է ծանր: Նշանակում է՝ բուժման մեջ դրական ընթացք կա»,- նշեց Արամ Ասատուրյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում է երկու շարքային զինծառայող և Երկրապահ կամավորականների միության երկու անդամ: Ասատուրյանի խոսքով՝ նրանցից մեկը կվիրահատվի, երբ վիճակը կայունանա: Վերջինս նշեց, որ կայազորային հոսպիտալներում թեթև վնասվածքներ ստացած զինվորականները կկարողանան վերադառնալ ծառայության:
«Առայժմ նոր հիվանդների չենք սպասում: Եթե անգամ նման հիվանդներ կան, ուրեմն նրանց վիճակը թույլ չի տալիս նրանց տեղափոխել այստեղ»,- շեշտեց Արամ Ասատուրյանը: