Արցախի հետ կապված վերջին իրադարձությունների առնչությամբ «Вести в Субботу» հաղորդմանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 9-ին տված հարցազրույցը ոմանք անմիջապես փորձեցին ծառայեցնել Ռուսաստանի նկատմամբ հայաստանցիներիս թշնամությունն առաջացնելու, Ռուսաստանից Հայաստանին կտրելուն հասարակությանը տրամադրելու նպատակին: Այսինքն, այլ կերպ ասած, Արևմուտքի` մեզ համար կործանարար այդ ծրագիրն իրագործելու նպատակին: Երեսուն արծաթո՞վ են անում դա, թե՞ առանց երեսուն արծաթի, չգիտեմ ու, բնականաբար, չեմ կարող ասել, սակայն որ դա անում են միտումնավոր, նպատակային կերպով, որևէ կասկած չունեմ, քանի որ առկա փաստերի մանիպուլացիան ու զեղծարարությունն ակնհայտ են:

 

Ինչպես հաճախ է նախկինում հանդիպել այս նույն նպատակին հասնելուն միտված դեպքերում, գործի է դրվում փաստերի կամ դիմացինի խոսքի մանիպուլացիայի և զեղծարարության դասական մեթոդը՝ ասպարեզ են բերվում «փաստեր», որոնք իրականում գոյություն չունեն, կամ որոշակի անձի վերագրվում է խոսք, նրա կողմից իբր հայտնված տեղեկություն, որը նա երբևէ չի ասել, հետո արդեն այդ «փաստերի» կամ խոսքի հիման վրա դատողություններ, եզրահանգումներ են արվում, խորհուրդներ տրվում, առաջարկություններ ներկայացվում: Օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտից, հենց այդպես էլ վարվել է՝ «Ֆեյսբուքի» իր էջում գրելով հետևյալը.

 

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ «Вести в Субботу» հաղորդմանը տված հարցազրույցում բացահայտել է, որ պաշտոնական Մոսկվան շատ լավ տեղյակ է եղել Իլհամ Ալիևի՝ Արցախի վրա հարձակվելու ծրագրին... «Հակամարտության գոտում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողության այլ միջոցների միջոցով... Ներկայումս ոչինչ հնարավոր չէ թաքցնել»,- ասել է նա՝ պարզաբանելով՝ արդյո՞ք ռուսական արբանյակները գրանցել են զորքերի տեղաշարժը ԼՂ հակամարտության գոտում...»:

 

Մեր ժողովրդի մեջ քիչ չեն նրանք, ովքեր խնդիրների, փաստերի նկատմամբ զգացմունքային մոտեցում են ցուցաբերում, ավելին՝ ալարում կամ չեն բարեհաճում լսել, թե մարդը, որին վերագրվում է տվյալ խոսքը, իրականում արդյոք նման բան ասե՞լ է, թե ոչ: Հետևաբար ահա այդ հաղորդման տեսագրությունը:

 

17:57-ից լսեք Մեդվեդևի խոսքը ու համոզվեք, որ նա նման բան չի ասել, նման բացահայտում չի կատարել, քանի որ զորքերի տեղաշարժին տեղյակ լինելը դեռ ամենևին չի նշանակում, թե «պաշտոնական Մոսկվան շատ լավ տեղյակ է եղել Իլհամ Ալիևի՝ Արցախի վրա հարձակվելու ծրագրին... »:

 

 

Մեդվեդևը չի ասել նաև, թե «Հակամարտության գոտում զորքերի տեղաշարժին հետևում են արբանյակների և վերահսկողության այլ միջոցների միջոցով...» (դարձյալ լսեք նրա խոսքը), ինչից կարելի է եզրակացնել, թե ՌԴ զինված ուժերը հակամարտության այդ գոտում նախապես հետևել ու տեղյակ են եղել Ադրբեջանի զորքերի տեղաշարժին: Պատասխանելով հեռուստալրագրողի հարցին՝ նա բառացի ասել է հետևյալը՝ «Հիմա հնարավոր չէ ոչինչ թաքցնել, բայց դա չէ գլխավորը…»: Սակայն Ֆեյսբուքի հիշյալ օգտատիրոջը պետք է եղել դիմել փաստերի, Մեդվեդևի խոսքի մանիպուլացիայի ու զեղծարարության, որպեսզի հետո գրի հետևյալը.

 

«Այսինքն, մեր ռազմավարական դաշնակիցը շատ լավ տեղյակ լինելով ադրբեջանցիների կողմից նախապատրաստվող հարձակման մասին՝ չի տեղեկացրել Երևանին... Այս հարձակումը ծրագրելու և իրականացնելու համար Ադրբեջանը բավական մեծ պատրաստություններ էր տեսել՝ ահռելի մեծ քանակությամբ զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ տեղափոխելով Ադրբեջանի և Արցախի սահմանագոտի, որի վերաբերյալ ապացույցները Մոսկվան ունեցել է...

 

Հիմա ինձ ասեք, թե Ադրբեջանին միլիարդավոր դոլլարների զենք վաճառող և Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվությունը Հայաստանից թաքցնող ՌԴ-ն ու՞մ ռազմավարական գործընկերն է՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի...

 

Ժամանակն է կտրուկ վերանայել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները... Կամ մենք իրոք գործընկերներ ենք, կամ մեզ բացարձակ ձեռք չի տալիս գոյություն ունեցող հարաբերությունների մակարդակը, որն ավելի շատ «ուրիշ» բան է հիշեցնում... Ստեղծված իրավիճակի համար մենք ենք մեղավոր.... Քանի դեռ ուշ չէ այն պետք է ուղղել...»:

 

Այժմ ուշադիր լսեք, թե ինչ են ասել լրագրողն և Մեդվեդևը: Լրագրողն ասել է, որ երբ անցած շաբաթ բախման վերաբերյալ առաջին հաղորդագրություններից հետո իրենք եթեր են դուրս եկել, պատկերը եղել է հետևյալը՝ գիշեր, լուսածիր գնդակներ, ոչինչ հասկանալի չի եղել, բայց երբ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերը եկել են Մոսկվա, այստեղ եղել գլխավոր շտաբում, ինքն այնպես է հասկացել է, որ ռուսական արբանյակներից զորքերի այդ բոլոր տեղաշարժերը ֆիքսվել են, այսինքն՝ Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ է եղել, ասել' ձերոնք գնացել են այստեղ, ձերոնք գնացել են այնտեղ: Ապա հարցրել է' «Այդպե՞ս է եղել»:

 

Մեդվեդևի պատասխանը. «Հիմա հնարավոր չէ ոչինչ թաքցնել, բայց դա չէ գլխավորը…»:

 

Այո, տեղյակ է եղել, բայց ե՞րբ, ինչի՞ն… Խնդիրն այն է, թե զորքերի տեղաշարժը ե՞րբ է ֆիքսվել՝ Ադրբեջանի հարձակումի՞ց հետո, թե՞ նաև դրանից առաջ: Լսեք ու համոզվեք՝ լրագրողի և Մեդվեդևի խոսքերից բնավ չի բխում ու չի կարելի միանշանակ եզրակացնել, որ այդ տեղաշարժը ֆիքսվել է նաև բախումից առաջ:

 

Մի պահ ընդունենք, թե ադրբեջանական զորքերի տեղաշարժը Ռուսաստանին Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից առաջ էլ է հայտնի եղել: Սակայն նախորդած ժամանակաշրջանից տարբերվող, բայց, այնուհանդերձ, սահմանափակ թվով զինվորների և ռազմական տեխնիկայի շարժը, դատելով ամենից, դեռ հիմք չի տվել միանշանակ եզրակացնելու, որ Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ է սկսելու: Այնպես չէ, թե Ադրբեջանն ահռելի մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ռեսուրսներ էր տեղափոխել Ադրբեջանի և Արցախի սահմանագոտի, ինչպես ներկայացվել է վերը: Դրանք, կրկնում եմ, եղել են սահմանափակ, որովհետև Ադրբեջանը լայնածավալ պատերազմի նպատակ չի ունեցել, այլապես կսկսեր հենց մեծամասշտաբ պատերազմ: Նպատակը եղել է բլից կրիգով հայկական որոշ դիրքեր ու բնակավայրեր գրավելը, ինչպես նաև մարտով հետախուզություն իրականացնելը՝ առաջիկա մեծամասշտաբ պատերազմից առաջ մեր թույլ, խոցելի, ինչպես նաև ուժեղ կողմերը պարզելու համար:

 

Նկատի ունենանք նաև, որ Ադրբեջանը սահմանի մոտ իր զինվորների և ռազմական տեխնիկայի որոշ տեղաշարժեր նախկինում, մինչ ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերվա հարձակումն էլ է իրականացրել, այսինքն՝ Ադրբեջանի ԶՈւ այդ տեղաշարժերից դեռ հնարավոր չէր եզրակացնել ու մեզ զգուշացնել, որ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է նախապատրաստում: Ճիշտ է՝ Ադրբեջանն այս անգամ նախկինի համեմատ ավելի մեծ քանակի զինվորներ ու ռազմական տեխնիկա է մոտեցրել շփման գծին, բայց տրամաբանական է, որ դա արել է աստիճանաբար, հնարավորինս աննկատ, իսկ այն, ինչ նկատվել է, հավանաբար, ինչպես Արցախում, հիմք է եղել եզրակացնելու, որ ոչ թե լայնածավալ ռազմական գործողություններ, այլ տեղային նշանակության հերթական մարտերն են նախապատրաստվում կամ զինված ուժերի մանևրներ կատարվում:

 

Ընդգծեմ, որ Ադրբեջանի զինվորների ու ռազմական տեխնիկայի որոշակի շարժին, ինչպես օրերս հրապարակայնորեն հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը (տեսանյութում' 8:58-ից), Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես, մինչ հարձակումը տեղյակ է եղել, սակայն դրանից չի եզրակացրել, որ այդ տեղաշարժը կատարվում է լայնածավալ ռազմական գործողությունների նպատակով: Հետևաբար խնդիրը ոչ միայն այդ տեղաշարժին Ռուսաստանի ու մեր տեղյակ լինել-չլինելը, ՌԴ-ի կողմից այդ մասին մեզ տեղեկացնել-չտեղեկացնելը, այլև այդ նույն տեղեկատվության ճիշտ կամ սխալ գնահատումն է:

 

 

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբում կարող էին տեղյակ լինել վերոնշյալ տեղաշարժին, ԼՂՀ նախագահին կամ պաշտպանության նախարարին նույնիսկ հայտնել այդ մասին: Իսկ որտեղի՞ց է հայտնի, որ հենց ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբից չեն հայտնել, այսինքն՝ այն, ինչ նախապես իմացել է Բակո Սահակյանը, ռուսական կողմի հայտնածը չի եղել: Մեդվեդևն այդ մասին հեռուստատեսությամբ ի լուր Ադրբեջանի և աշխարհի հո չէ՞ր հայտարարելու՝ վնասելով Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները, միաժամանակ խոստովանելով, որ ՌԴ-ն ռազմական ոլորտի օգնություն է ցուցաբերել իր և աշխարհի կողմից չճանաչված պետությանը: Հիշյալ տեղեկատվությունը փոխանցելով, սակայն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը կարող էր գնահատած չլինել այդ տեղեկատվությունը որպես լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստում, ինչպես դա, որպես այդպիսին, չի գնահատել նաև ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում կարող էին նաև այդպիսի հարձակման ինչ-որ գնահատական ունենալ, բայց դրա սխալականության հավանականությունը նկատի ունենալով՝ ձեռնպահ մնալ զորքերի տեղաշարժի մասին տեղեկատվության հետ միասին այդ գնահատականն էլ մեզ ներկայացնելուց՝ հաշվի առնելով այդ դեպքում հասկանալի բացասական հետևանքները: Այսինքն՝ կարող էին տեղեկատվության գնահատումը թողած լինել հայկական կողմի վրա:

 

Եթե ոմանք Ռուսաստանին մեղադրում են, թե Ադրբեջանի զինված ուժերի տեղաշարժից չի եզրակացրել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են նախապատրաստվում, ապա դրա համար թող նախևառաջ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրեն, եթե ընդհանրապես հնարավոր էր այդ տեղեկատվությունից նման եզրակացության հանգել:

 

Արթուր Հովհաննիսյան