ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանն օրերս հոդված է հրապարակել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող պատերազմի դիվանագիտական ճակատի մասին: Հոդվածում նա ներկայացել է իբրև պայքարի դիվանագիտական ոլորտին, արտաքին գործերի աշխատանքին շատերից ավելի լավ ծանոթ:
Հարգարժան պատգամավորը թեև միանգամից ասել է, որ նպատակ չունի «պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն)», սակայն գրածը հենց պաշտպանություն է ստացվել: Բայց դա էական չէ, իր իրավունքն է, առավել ևս, որ որևէ հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա գրածն առ այն, որ «Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել՝ ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ ներկայացմանը և իրադարձությունների վրա ազդելուն, և սա արվել է Արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ»։ Պարզապես թե տիկին Կարապետյանը, թե բոլորս նկատի ունենանք, որ այդ հսկայածավալ աշխատանքը, ի վերջո, արդյունքով է արտահայտվելու: Այսինքն' եթե ակնկալվող արդյունքը չեղավ, աշխարհի առաջատար երկրները, միջազգային համապատասխան կազմակերպություններն իր կատարած ագրեսիայի համար Ադրբեջանին չդատապարտեցին, չմեղադրեցին կամ գոնե չքննադատեցին, ապա չե՞նք կարող եզրակացնել, որ իրականում ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք չի կատարվել, թերացել են: Ի՞նչ կարծիքի է այս կապակցությամբ պատգամավորը…
Մինչ Նաիրա Կարապետյանը կպատասխանի այս հարցին, պատասխանեմ նույն հոդվածում նրա հարցին՝ «Հետաքրքիր է՝ ի՞նչ են պատկերացնում շատերը՝ «ավելի ակտիվ» լինել արտահայտության տակ»: Չգիտեմ՝ պատգամավորը «շատերը» ասելով, որոշակի ում նկատի ունի, նրանցից ամեն մեկը կարող է իր պատկերացումը ներկայացնել, ես կներկայացնեմ իմը: Ավելի ակտիվ լինելը նշանակում է, օրինակ, հետևել ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կայքի աշխատանքին և գոնե ապրիլի 1-ից հետո չհանդուրժել այն խայտառակ վիճակը, որն այսօր առկա է այդ կայքում:
Տիկին Կարապետյանին խորհուրդ եմ տալիս անձամբ այցելել այդ եռալեզու կայքի «Հայտարարություններ և հաղորդագրություններ» բաժինն ու տեսնել, համոզվել, որ այս բարդ, լարված, պատասխանատու և վճռական օրերին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի կամ այլ պաշտոնյայի կողմից գեթ մեկ հայտարարություն կամ հաղորդագրություն չկա տվյալ բաժնում: Այդ բաժին այցելողներին, հատկապես օտարերկրացիներին կարող է թվալ, որ անգամ ապրիլի 1-ից հետո հայտարարության կամ հաղորդագրության ձևով որևէ ասելիք չի եղել, ինչն առնվազն կարող է տեղիք տալ նրանց տարակուսանքին, իսկ վատագույնը՝ օտարերկրացիներից ոմանց այն եզրակացությանը, թե, ուրեմն, կատարվածում մեղավորը մենք ենք, որ լռում ենք, այլապես ասելիք կունենայինք: Թերևս բավարար է փաստել, որ հիշյալ բաժնում վերջին հայտարարությունը կամ հաղորդագրությունը («ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ») հրապարակվել է… 2013 թ. հունիսի 19-ին:
Հարգելի պատգամավորին խորհուրդ եմ տալիս այնուհետ այցելել հիշյալ կայքի «ԼՂՀ ԱԳՆ հայտարարություն» բաժին ու տեսնել, որ այնտեղ զետեղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը թվագրված է 2013 թ. օգոստոսի 30-ով: Բա, մեղմ ասած, ամոթ չէ՞…
Իրականության մեջ ապրիլի 1-ից հետո, ավելի որոշակի' ապրիլի 2-ին ԼՂՀ ԱԳՆ ընդամենը մեկ ու կարճառոտ (3 պարբերությունից բաղկացած) հայտարարություն է եղել, որը, սակայն, վերոնշյալ բաժիններում ալարել են դնել, այն կարելի է կարդալ միայն «Նորություններ» բաժնում:
Փաստորեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում ոմանք գրեթե ոչինչ չանելով, հարկատուների հաշվին աշխատավարձ ստանում, իսկ նախարար Կարեն Միրզոյան էլ իր ղեկավարած մարմնի պաշտոնական կայքը չի վերահսկում, դրան չի հետևում, մատնել է բարձիթողի վիճակի: Իսկ Նաիրա Կարապետյանն իր այդ հոդվածում գրել է, թե «Հատկապես վերջին օրերի ընթացքում տեղեկատվական հսկայածավալ աշխատանք է տարվում տեղեկատվական դաշտի հետ աշխատող մեր դիվանագետների կողմից»:
Ի դեպ, վերոնշյալի առումով ՀՀ արտաքին նախարարության ու նրա կայքի աշխատանքն էլ մխիթարական չէ: Անցած 12 օրվա ընթացքում Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ի ընդամենը մեկ հայտարարություն է եղել, այն էլ' զետեղված «Հարցազրույցներ, հոդվածներ, մեկնաբանություններ» բաժնում: ԱԳՆ-ի ոչ մի հայտարարություն չկա, որով կդատապարտվեին Ադրբեջանի ԶՈւ կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանին և հայկական կողմին հավասարեցնող ու մեզ համար անընդունելի հայտարարությունները, կամ գոնե պատասխան կտրվեր դրանց:
Արթուր Հովհաննիսյան