Արցախում իրականացրած ռազմական հանցագործությունների համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար ապացույցներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ես գիտեմ, որ քրեական գործերի շրջանակներում ապացույցներ հավաքվել և հավաքվում են և գիտեմ, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար ապացույցներ: Մնացածն արդեն գործադիր իշխանության գործառույթների շրջանակներում է: Այսինքն, այստեղ խորհրդարանը մեծ հաշվով ոչինչ չի կարող անել: Մենք պարզապես լոբբինգ ենք իրականացնում, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն»,- նշեց Մարուքյանը:
Արցախում Հայաստանի և Արցախի խորհրդարանների պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել, որի ընթացքում փոխանակվել են կարծիքներով և քննարկել են մեխանիզմները, թե ինչ քայլեր են պետք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: «Ես այդ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել եմ, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր կարելի է անել, իսկ գործողություններն արդեն պետք է կատարվեն գործադիր իշխանության կողմից»,- հավելեց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ տարբերակներ ու ուղղություններ կան, որոնք իշխանությունները պետք է քննարկեն ու որոշում կայացնեն, թե որն է ամենահարմար տարբերակը: