Ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-ին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում BPA (Business Partners of Armenia) ընկերությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «INVEST ARMENIA 2016» բիզնես ֆորումը։ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստանի բիզնես գործընկերներ» ընկերության նախագահ և «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը նշեց, որ ֆորումի հիմնական թեմաներն են՝ Հայաստան-Իրան-ԵՏՄ համագործակցության ծրագրերը և հեռանկարները։ 

 

«Ֆորումին զեկույցով հանդես են գալու և պետական պաշտոնյաներ, ունենալու ենք հյուրեր և՛ իրանական կողմից, և՛ ԵՏՄ-ից։ Մենք այս հարցուպատասխանների, առաջարկների միջոցով կփորձենք հասկանալ, թե ինչ շահեկան վիճակում է Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները։ Ֆորումի ժամանակ որոշել ենք կարճաժամկետ տնտեսական կանխատեսումներ անել։ Առաջատար մասնագետներից զեկույցով հանդես կգան ՎԶԵԲ-ի ղեկավար Մարկ Դևիսը և բանկային համակարգի կառույցների ղեկավարներ։ Նաև քննարկելու ենք միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների մասին։ Մեզ համար շատը կարևոր է, որ հայ արտադրողները պատկերացնեն՝ ինչ պայմաններով են իրենք աշխատելու միջազգային շուկայում։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք  հայկական այնպիսի խոշոր ընկերությունների ղեկավարների, որոնք փորձ ունեն միջազգային շուկաներում։ Օրինակ՝ ընկերություն կա, որը չինական շուկայում է աշխատում և կարող է ասել, թե չինական շուկայում առևտրային ցանցերն ինչ պայմաններով են աշխատում։ Ինչպես նաև կլինեն Ռուսաստանի և Եվրոպական երկրների հետ աշխատող ընկերություններ։ Կներկայացնենք նաև միջազգային կամ հայկական այնպիսի ընկերությունների, որոնք ստեղծվել են վերջին տարիներին և տնտեսական մեծ հաջողությունների են հասել»,- մանրամասնեց Փենեսյանը։ 

 

Մեր զրուցակիցը նաև բացառիկ տեղեկություն տրամադրեց, որ ապրիլի 22-ին ֆորումի ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի մասին «GK Tribe Global» ընկերության նկարահանած ֆիլմի շնորհանդեսը։