Այսօր մամուլում լուրեր են հրապարակվել այն մասին, թե իբր Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղու ավտոբուսներով Արտաշատից Հրազդան մարդկանց են տեղափոխել: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը մեկնաբանություն խնդրեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից:

 

Ի. Տոնոյանը նշեց, որ վերոհիշյալ ավտոբուսները դրանց վարորդների սեփականությունն են և քանի որ այսօր նրանց համար հանգստյան օր է, հետևաբար իրենց գործունեությունը որևէ առնչություն չունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:

 

«Շաբաթվա ընթացքում մենք աշխատում ենք տարբեր վարորդների հետ, որոնք, հաջորդաբար միմյանց փոխարինելով, շաբաթը երկու օր հանգստյան օրեր են ունենում: Այսօր նման օրերից մեկն է, երբ վարորդներից մի քանիսը հանգստանում են: Իսկ թե իրենց հանգստյան օրերին վարորդներն իրենց սեփականություն հանդիսացող ավտոբուսներով ինչպիսի մասնավոր գործունեություն են ծավալում, դա ոչ մի առնչություն չունի Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ»,- պարզաբանեց Իվետա Տոնոյանը:

 

Հիշեցնենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուներն են գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը և ՀՎԿ-ից Արթուր Միսակյանը:

 

Լուսանկարը՝ Armtimes.com–ի