Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության աջակցությամբ իրականացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում առաջին տեղ է զբաղեցրել «Ականավոր» թիմը, որի կազմում ընդգրված են «ՖայմԹեք» ընկերության անդամներն ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: Երկրորդ և երրորդ տեղ են զբաղեցրել Գյումրիից «Անդրոիդ» և «Դիջիթալ քլաուդ» թիմերը: Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են համապատասխանաբար 600 000, 400 000 և 260 000 դրամ պարգևի: Խրախուսական մրցանակի՝ 100 000 դրամի է արժանացել Վանաձորից «Ականազերծողներ» թիմը:
Մրցույթն ավանդաբար անցկացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում և նպաստել ազգային անվտանգություն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:
«Ռազմական կիրառության նշանակություն ունեցող այս մրցույթների օգնությամբ մենք ցանկանում ենք հայ երիտասարդների շրջանում ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Սա առավել արդիական է, քանի որ պրակտիկ խնդիրներ լուծելով՝ նրանք կարող են համալրել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտը», - նշել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի աջակից՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երիտասարդներն ունեն մեծ ներուժ և կարող են հաջողությունների հասնել այս բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը շատ արագ և դինամիկ զարգացող բնագավառ է և ամբողջ աշխարհում շատ կարևոր նշանակություն ունի մի շարք հիմնախնդիրներ լուծելիս: Հուսով եմ, որ այստեղ ներկայացված լուծումները կգտնեն իրենց հետագա օգտագործումը»:
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մեկնարկը տրվել էր 2015 թ. նոյեմբերին: Այս ընթացքում մասնակիցներից պահանջվում էր պատրաստել այնպիսի ռոբոտներ, որոնք խոչընդոտները շրջանցելով, կգտնեն մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, ֆիզիկապես կնշեն դրանց գտնվելու վայրը և ականների դասավորվածությամբ էլեկտրոնային քարտեզ կուղարկեն համակարգչին:
Մրցույթին ներկայացված են եղել նաև Գորիսի, Վանաձորի, Սիսիանի, Թալինի, Վեդիի և Երևանի այլ թիմեր: Մինչ եզրափակիչ փուլը մրցույթի մասնակիցները խորհրդակցել են ոլորտի մասնագետների հետ և բարելավել իրենց նախագծերը: Ռոբոտների պատրաստման դետալները տրանադրվել են կազմակերպիչների կողմից:
«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը («Վենժ»), Հրաչյա Մակարյանը («ՓՈՒԼ»), Արամ Քերյանը (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արման Պողոսյանը («Ինստիգեյթ») և Հրաչ Խաչատրյանը («Սայմոտեկ»):
Հավելենք, որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և Ucom-ը իրականացնում են նաև «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը, որի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս ամսին:
Հիշեցնենք, որ «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008 թվականից սկսած: Հայաստանում ռոբոտաշինության ոլորտը զարգացնելու նպատակող բացի վերը նշված «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթներից ԻՏՁՄ-ն ՀՀ Կառավարության աջակցությամբ և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ ՀՀ դպրոցներում ներդնում է ռոբոտաշինության և ինժեներական խնբակ-լաբորատորիաներ: Լաբորատորիաները ներառում են բարձրակարգ եռաչափ տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության ուսումնական հավաքածուներ և այլ սարքեր: «ԱրմՌոբոտիքս» և «ՀՀ կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանում և Արցախում արդեն գործում է 86 խմբակ, որոնցից 26-ը համալրված են ժամանակակից սարքերով: ԻՏՁՄ-ն պլանավորում է ինժեներական լաբորատորիաներ հիմնել հանրապետության բոլոր դպրոցներում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.' որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 ընկերություն և կազմակերպում է մի շարք միջոցառումներ' ուղղված Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանը և բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը : Դրանք են՝ «ԴիջիԹեք» ցուցահանդես, «ԴիջիԹեք բիզնես ֆորում», ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, «Բիզնես Ինովացիոն ֆորում», «ԴիջիՔեմփ» տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն, Հայաստանում Ռոբոտաշինության զարգացման ծրագիր (ԱրմՌոբոտիքս), «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ և այլն:
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ' Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին Ucom ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր: