Միջին և ավագ սերունդը, կարծում եմ, հիշում է 1988-ին և հաջորդած մի քանի տարիներին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության, համամիութենական «Известия», «Правда» և այլ թերթերի, դրանց խմբագիրների և որոշ լրագրողների հակահայկական, ստոր վերաբերմունքը մեր նկատմամբ:

 

 

Այն ժամանակ էլ բոլոր ողջախոհ մարդիկ հասկանում էին, որ նրանց տարածած կեղծ, սադրիչ, անընդունելի տեղեկությունների ու տեսակետների ետևում ոչ թե ռուս ժողովուրդը կամ ԽՍՀՄ ժողովուրդներն են կանգնած, այլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և անձամբ Կրեմլում շատ բարձր պաշտոն ունեցող Հեյդար Ալիևի կողմից կաշառված առանձին քաղաքական, պետական գործիչներ, իրենց խիղճը ծախած լրագրողներ ու խմբագիրներ:

 

 

Կար նաև մեկ այլ հանգամանք. Հեյդար Ալիևի գաղտնի գաղտնի հրահանգով, ինչի մասին խոսվեց հետագայում, Ադրբեջանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ջանք չէին խնայել, որ իրենց զավակներին խցկեն Մոսկվայում գործող ԶԼՄ-ների խմբագրություններ, իսկ եթե չունեին համապատասխան մասնագիտություն, ապա ամուսնանային երիտասարդ, հեռանկարային խմբագիրների, լրագրողների հետ:

 

 

Շատ ուրիշ ադրբեջանուհիներ, ադրբեջանցիներ էլ ամուսնացել են ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պաշտոնյաների, բանակի բարձրաստիճան սպաների կամ նրանց զավակների հետ, և այս ամենն Արցախյան շարժման ու պատերազմի տարիներին տվեց մեր թշնամիների ակնկալած արդյունքը քարոզչական ու ռազմական ոլորտներում: Հայերս նրանց նման չէինք վարվել, այդպիսի գաղտնի պետական քաղաքականություն չէինք ունեցել ու չէինք իրականացրել, Սասունցի Դավթի պես միամիտ ու ազնիվ էինք եղել: Փաստորեն թշնամին գործել էր խորամանկորեն, տեսել էր ավելի հեռուն, քան մենք:

 

 


Անցել է շուրջ քառորդ դար, սակայն վերոնշյալի առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Ադրբեջանն այսօր էլ իր մարդիկ ունի, արդեն ոչ թե ԽՍՀՄ, այլ ՌԴ ազդեցիկ լրատվամիջոցներում, Ռուսաստանի պետական տարբեր օղակներում, որոնք այսքան տարիների ընթացքում հիմնականում լուռ են եղել: Այսինքն' սադրանքների' Հայաստանում հակառուսական տրամադրություններ, Ռուսաստանում էլ հակահայկական տրամադրություններ խթանելու, զարգացնելու համար սպասել են X ժամին Ադրբեջանից իրենց տրվելիք հրահանգին: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի և Ռուսաստանում նրա մարդկանց, ազդեցության գործակալների մասին: Եվ հիմա բնավ պատահական չէ, որ նրանք, ինչպես երևում է ռուսական որոշ ԶԼՄ-ների հրապարակումներից, սկսել են ակտիվանալ ու գործել ակնհայտորեն, ինչը թերևս հուշում է, որ Ադրբեջանի կողմից, իհարկե, Թուրքիայի օգնությամբ կամ մասնակցությամբ, վճռական գործողությունները հեռու չեն:

 

 

Որևէ կասկած չունեմ, որ մեր թշնամիները գրչով, հեռուստահաղորդմամբ «կրակելով» դիպուկահարի նման, հնարավոր ամեն ինչ անելու են այստեղ հակառուսական տրամադրություններ, ՌԴ-ում էլ հակահայկական տրամադրություններ առաջացնելու, զարգացնելու, երկու ժողովուրդների ու պետությունների միջև սեպ խրելու, իսկ եթե հնարավոր է, նաև թշնամացնելու համար: Զգոն լինենք, հարգելի հայրենակիցներ, ու չտրվենք նրանց սադրանքներին, մանավանդ որ, նախապես գիտենք դրանց նպատակների մասին:

 

 


Կարծում եմ, վերը նշված սադրանքի օրինակներից մեկն էլ դիվանագիտական շրջանակներում իր անանուն աղբյուրի վրա հղում կատարելով, «Իզվեստիա» թերթի թարմ հրապարակումն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագրի վերաբերյալ: Իբր գոյություն ունեցող այդ ծրագիրը հիմնախնդրի «կարգավորման» վաղուց հայտնի, մեր կողմից մերժված ու մերժելի փուլային տարբերակն է, ընդ որում, ավելի խայտառակ և անընդունելի ձևակերմամբ' նախ Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձում, ապա մնացածը, իսկ վերջում նոր միայն տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե, այն էլ' առանց ժամանակը հստակեցնելու, այսինքն' անորոշորեն հետաձգվող:

 

 

Ընդ որում, հիշյալ ծրագիրը համատեքստի մեջ հրապարակման խորամանկ շարադրանքով կամ լրագրողական հնարքով այնպես է ներկայացված, որ ընթերցողների մոտ տպավորություն առաջանա, թե այն ոչ միայն հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրն է, այլև այն փոխզիջումը, որի ձեռք բերմանը ղարաբաղյան հակամարտության հարցով մոտակա օրերին մեկնարկելիք բանակցություններում ակտիվորեն նպաստելու է անձամբ Վլադիմիր Պուտինը:

 

 

Արթուր Հովհաննիսյան