ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

 

- Պարո՛ն Կարապետյան, այս օրերին մամուլում հիմնական քննարկման և քննադատության թեման ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարվելիք այցն է և այն հրապարակումները, թե ղարաբաղյան հակամարտության Կրեմլի տարբերակը տարածքների հանձնումն է։ Ի՞նչ եք կարծում, սա ինչքա՞նով է մոտ իրականությանը։


- Տպավորությունս այնպիսին է, որ դա ավելի շատ խոսակցություն է, քան իրական ծրագիր։ Ասեմ՝ ինչու։ Որովհետև արտահոսքը կազմակերպված էր «Իզվեստիա» թերթի միջոցով, իսկ այդ թերթն ավելի շատ գտնվում է ադրբեջանական լոբբինգի տակ։ Պետք է հասկանալ, որ դա շատ կարևոր ծրագիր է, և դժվար թե Կրեմլից ինչ-որ մեկն իրեն թույլ տա նման արտահոսք անել, մանավանդ որ այստեղ դրված է նաև Պուտինի հեղինակության հարցը։ Դրա համար ես, ինչ-որ տեղ հասկանալով, թե գործընթացի մեջ ինչ տրամաբանություն կա, այդպիսի ծրագիր չեմ տեսնում։ Տարածքների հանձնման հետ կապված կետեր կային Կազանի փաստաթղթում, բայց հարցի այդպիսի լայնածավալ լուծում, տարածքների հանձնում և դրա դիմաց ոչինչ, բարդ է պատկերացնել։ Բայց այն, որ նման մտքեր, կոմպրոմիսային տարբերակ դրված է սեղանին, նույնիսկ փաստ է։ Ինչպես իրեն կպահի իշխանությունը` դժվար է ասել։
Մենք պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ են առաջարկում, մեր իշխանություններն ինչ են պատասխանում։ Թող դեռ գա, տեսնենք՝ ինչ է ասում։ Հասարակությունն էլ ինտուիտիվ զգում է, որ ինչ-որ բան այն չէ, դրա համար դժգոհության ալիք է բարձրանում։ Իսկ քաղաքական սեկտորը պետք է սպասի, տեսնի՝ ինչ առաջարկություն է անում և ինչ է ասելու Լավրովը։

 

- Դուք բացառո՞ւմ եք, որ Լավրովը տարածքների հանձնման վերաբերյալ առաջարկ կանի։


- Դիվանագիտության մեջ ինչ-որ բաներ բացառելը, ինչպես Չերչիլն էր ասում, հնարավոր է մի դեպքում՝ «երբ ես քնած եմ»։ Դրա համար խորհուրդ եմ տալիս սպասենք, տեսնենք՝ իրենք ինչ են ասում, հայկական կողմն ինչ է ասում, հետո կքննարկենք։

 

- Պարո՛ն Կարապետյան, ասում եք՝ կոմպրոմիսային տարբերակ է դրված բանակցային սեղանին։ Ի՞նչ կոմպրոմիսային տարբերակ կարող է լինել։


- Չգիտեմ։ Ես մի բան ասեմ հարցի լուծման հետ կապված։ Ես կարծում եմ՝ ներկա գեոքաղաքական իրավիճակում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում, հասարակությունների մոտեցումների պայմաններում և այլ քաղաքական և սոցիալ-տնտեսական պատճառներ հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ Ղարաբաղի լուծումը բացի ռազմականից գոյություն չունի։ Դա իմ կարծիքն է, իմ տեսակետն է, որը ես տարիներ շարունակ արտահայտում եմ։ Հիմա էլ պնդում եմ և կարծում եմ՝ շատ շուտով բոլորը դա կհասկանան։ Այսօր այս պարագայում, այս սրացումների պարագայում որևէ կոմպրոմիս չի կարող լինել։ Վերջին սրացումները բանակցային գործընթացում բերել են հետընթացի, ոչ թե առաջընթացի, ինչպես ադրբեջանցիներն էին ուզում։ Սա շատ լուրջ հարված էր։ Դրա համար բոլոր փաստաթղթերը, մադրիդյան, կազանյան և այլն, կարելի է քննարկել, բայց ես լուրջ չեմ ընդունում։ Այդ փաստաթղթերի հիման վրա գալ կոմպրոմիսի, ես լուրջ չեմ համարում։

 

- Չորսօրյա պատերազմն ապացուցե՞ց, որ ղարաբաղյան հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է։


- Այդ սրացումները, ցավոք սրտի, շատ զոհեր տարան՝ և՛ մեր կողմից, և՛ Ադրբեջանի։ Ադրբեջանը լավ պատրաստվել էր, մեծ քանակության զենք-զրահով եկել էր, թող ոչ մեկ ոչ մի բան չասի, լավ էլ պատրաստված վրա էր տվել։ Մենք մեր թերություններն էլ գիտենք, ցավոք սրտի, հիմա չենք խոսի։ Այս պահին Ադրբեջանի համար ռազմական լուծումն էլ ինչ-որ չափով մտել է փակուղի։

 

- Ի՞նչ առումով է փակուղի մտել։


- Որովհետև, իրենք եկան, կատարեցին գործողություններ, լավ պլանավորված ակցիա, բայց չհասան այն արդյունքին, որն ուզում էին։ Ռազմական գործողությունները ռազմաքաղաքական խնդիրներ էին լուծելու, բայց այդ ուղղության վրա ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական առումով Ադրբեջանն այսօր չունի այն դիվիդենտը, որը կարող է ներկայացնել միջազգային լուրջ ատյաններին։ Իրենք կատարեցին ռազմական ակցիա, բայց ստրատեգիական առումով ոչ քաղաքներ են գրավել, ոչ գյուղեր են գրավել, դրա համար մտել է փակուղի։ Եթե փակուղի մտած չլիներ Ալիևն ու Հասանովը չէին հայտարարի, որ Ստեփանակերտը կռմբակոծեն։ Եթե ռազմաճակատում հաջողություններ ունենային, նման անհավասարակշիռ քաղաքական հայտարարություններ չէին անի։ Ի՞նչ է նշանակում խաղաղ քաղաքը ռմբակոծել։ Կամ էլ նորից լայնածավալ նոր պատերազմ պետք է սկսեն, չնայած որ ռեսուրսներն անսահմանափակ չեն, թող Ադրբեջանը չկարծի, թե իր մոտ ռեսուրսներն անսահմանափակ են։ Ես ձեզ մի թիվ ասեմ։ Մի շաբաթվա մեջ, իմ հաշվարկներով, Ադրբեջանում սոցիալ-տնտեսական հողի վրա կատարվել է մարդասպանությունների և ինքնասպանությունների 70-ից ավել դեպք։ Պատկերացնո՞ւմ եք՝ իրենց մոտ ինչ իրավիճակ է։ Այնպես որ, կարող եմ ասել՝ այս պահին Ղարաբաղյան խնդրին լուծում չի երևում՝ ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական։ Դիվանագիտական այս բանակցությունները ներվերի կռիվ է նաև։ Ամերիկացիները, ռուսները մեզ մոտ ասում են՝ դուք չեք դիմանալու պատերազմին, Երևանը կգրավեն, բոլորդ կթողնեք կգնաք, նույն բանն էլ ասում են Բաքվում, որ Մինգեչաուրին են խփելու, Գյանջային են խփելու։ Սրանով ստիպում են, որ կողմերը գան համաձայնության։ Դրա համար մեր ներվերը պինդ են, 7 հազար տարվա ներվեր են, ամեն ինչ լավ կլինի։

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի