Մի խումբ ուսանողներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ բջջային օպերատորների կողմից իրականացվող քաղաքականության դեմ։ Մասնավորապես, նրանք դեմ են, որ դեպի Արցախ զանգերի սակագինն օպերատորները կրկին բարձրացրել են։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ուսանողներից Արմինե Միքայելյանը նշեց, որ իրենք պատրաստվում են կառավարությանը, Պաշտպանության նախարարությանը և բջջային երեք օպերատորներին բաց նամակ ուղարկել՝ պահանջ-կոչով՝ նվազեցնել դեպի Արցախ և Արցախից Հայաստան զանգերի սակագները։ 

 

Միքայելյանը հավելեց, որ իրենք առայժմ հայտարարությամբ են հանդես եկել, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

 

«Լավ էր, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ժողովուրդը բռունցք դարձած կանգնեց զինվորի կողքին: Լավ էր, երբ հայրենիքը պաշտպանող հայ զինվորներին որոշ կազմակերպություններ, այդ թվում Հայաստանի երեք բջջային օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ), «Յուքոմ»-ը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իրենց աջակցությունը ևս ցուցաբերեցին: Վերջիններս, հաշվի առնելով ապրիլի 2-ից առաջնագծում ծավալվող իրադարձությունները, տարածել էին հաղորդագրություն, համաձայն որի ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ/րոպե:

 

Սակայն, ապրիլի 15-ին նշված երեք օպերատորները տարածում են ևս մեկ հաղորդագրություն՝ ապրիլի 18-ին ժամը 00:00-ից սկսած ընկերությունների շարժական հեռախոսակապի բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև SMS հաղորդագրությունների համար նախկին 45 դրամ/րոպե սակագնին վերադառնալու մասին:

 

Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, շահ է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների: Չէ՞ որ պատերազմը դեռ չի ավարտվել...

 

Սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, հետո բացասական արձագանք գտավ, և հիմա այն լուրջ մտահոգություների առիթ է դարձել: Այսպիսով, մենք վստահում ենք վերոնշյալ 3 օպերատորների հայրենանվիրությանն ու հասարակության անունից կոչ ենք անում՝ հանուն սահմանապահ զինվորի ու նրանց ընտանիքների վերականգնել նախկին 5 դրամ/րոպե սակագինը»։ 

 

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 19-ին, Մարտունու շրջանի շարքային Ռստակյանն արդեն իսկ բաց նամակով դիմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: