Ռուսական «Известия» թերթը դարձյալ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ համատեքստում վերլուծել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի երևանյան այցը:

 

 

Հոդվածագիրն անդրադարձել է Լավրովի՝ Երևան կատարած աշխատանքային այցին, որի շրջանակում նա այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա բանակցություններ վարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարները խոսել են երկկողմ համագործակցությունից ու նշել, որ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրներին, երկու երկրների առևտրաշրջանառությունը գրեթե չի կրճատվել: Սակայն հանդիպման գլխավոր թեման, ըստ թերթի, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն էր:

 

 

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ գաղափարներ ու առաջարկներ։ Սակայն բանակցությունների արդյունքների հիման վրա ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց միայն, որ անհրաժեշտ է հետևել 1994-ին և 1995-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին։

 

 

«Առաջին հերթին ցանկանում եմ անկեղծ ցավակցությունս հայտնել բռնության հետևանքով զոհվածների հարազատներին։ Այդ հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք առաջնային ենք համարում 1994-1995 թթ. զինադադարի մասին պայմանագրի լիակատար և անշեղ կատարումը, որը պետք է հարգվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել էր Լավրովը:

 

 

Այնուհետ ռուս պաշտոնյան հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

 

 

Թերթը, հղում կատարելով Երևանում ՌԴ դեսպանության իր աղբյուրին, հայտնում է, թե ռուսական դիվանագիտության համար շատ դժվար է դարձել աշխատելը: Դա բացատրվում է նրանով, որ Մոսկվան չի ֆինանսավորում հայկական ՀԿ-ներին, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ տարածել ռուսական դիրքորոշումը:

 

 

«Շատ դժվար է դարձել աշխատելը։ Բոլորին հայտնի է' ինչպիսի ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ն հայկական ընդդիմությանը՝ հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել միայն վստահության հիման վրա, ապա այժմ դա չի ստացվի: Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցներին հաջողվում է երբեմն կազմակերպել բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են Մոսկվայի դեմ: Օրինակ՝ ապրիլի 21-ին մոտ 200 մարդ՝ հիմնականում ուսանողներ, հավաքվել են Ազատության հրապարակում և գնացել մինչև ԱԳՆ և ավարտել են երթը ՌԴ դեսպանատան մոտ»,- նշել է աղբյուրը։

 

 

Ավելի վաղ «Известия»-ն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ նպաստել մոտ օրերս սպասվող ԼՂ հարցի վերաբերյալ բանակցություններում փոխզիջման հասնելուն։ Դիվանագիտական շրջանակներում աղբյուրները հայտնում են, որ ռուս առաջնորդը պատրաստ է անձամբ համոզել 2 կողմի քաղաքական գործիչներին ռազմական գործողությունների դադարեցման և փոխզիջում գտնելու անհրաժեշտության մասին։