Էդվարդ Նալբանդյան - Սերգեյ Լավրով հանդիպման ընթացքում չի քննարկվել տարածքներ զիջելու հարցը:

 

 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ' այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանը. «Ինչի՞ մասին կարող է խոսք լինել»,- հարցը լսելով զարմացավ Քոչարյանը:

 

 

Դիտարկմանը, թե այդ մասին գրում էին ռուսական ԶԼՄ-ները, ԱԳ փոխնախարարն ասաց. «Դուք հղում եք կատարում մամուլի վրա, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների և պաշտոնական արձագանքների մասին: Միշտ չի, որ մամուլի ասածը, պնդումները մոտ են իրականությանը»:

 

 

Ըստ Քոչարյանի' Ադրբեջանի ագրեսիայից հետո առաջնային խնդիրը կայանում է նրանում, որ 94-95 թվականի եռակողմ պայմանագրերի գործողությունը վերականգնվի և առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, և այն նախաձեռնությունները, որ ժամանակին եղել են' կապված դիպուկահարներին հետ քաշելու և միջադեպերի հետաքննության մեխանզիմի ներդրման հետ: «Այդ բոլորը պետք է արվի, ակնհայտ է, և դրա մասին բազմիցս խոսվել է, երբ կրակում են և կա կրակելու վտանգ, ուրեմն չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Դա պարտադիր պայման է առաջ շարժվելու համար»,- ասաց Քոչարյանը և հիշեցրեց, որ Լավրովը հենց ինքն է ասել, որ դիմելու է Գերմանիային' ԵԱՀԿ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրում լինի:

 

 

Քոչարյանն անդրադառնալով Լավրովի նշած առաջարկություններին ու Կազանյան փաստաթղթին' ասաց, որ գոյություն ունի երկու տարբեր հարթակ, առաջինը' մադրիդյան փաստաթուղթն է և դրա շուրջ բանակցությունները, որոնք բերեցին Կազանին և որը մերժեց Ադրբեջանը: Երկրորդ հարթակն այն առաջարկություններն են, որոնք կապված են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմները ներդնելու հետ: