ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփելով վերջին շրջանում ստեղծված լարված վիճակում իր ղեկավարած կառույցի աշխատանքը՝ ասաց, որ իրենք ամեն օր կապի մեջ են եղել սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ և տարատեսակ բողոքի ակցիաներ, միջոցառումներ են կազմակերպել:

 

Նախարարի խոսքով՝ տարբեր երկրներում հայ համայնքների կողմից նյութական մեծ աջակցություն է ստացել Հայաստանը, օրինակ՝ ռուսական համայնքն իր հնարավորություններով միայն իրենց միջոցով 73 մեքենա է հասցրել Արցախ, վրացական համայնքը գյուղ առ գյուղ գումարներ են հավաքել, միայն մի գյուղը 1000 դոլար և մի մեքենա սնունդ բերել է Սլոյանների ընտանիքին: Բարերար Սամվել Պետրոսյանը 40.000 դոլար է բերել, որ հանձնի ՊՆ-ին՝ զոհվածների ընտանիքններին օգնելու համար:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե նախարարը վստա՞հ է, որ ուղարկված օգնությունն իր ճիշտ հասցեատիրոջը կհասնի, պատասխանեց. «Ես առաջարկություն եմ արել, որ հաշվեհամարներ բացվեն ընտանիքների համար և գումարներն ամեն մեկի ձեռքով չանցնի այլ փոխանցվի հաշվեհամարին: Իմ կարծիքով՝ լավ կլինի ամեն ամիս մաս-մաս փոխանցվի, և ինչպես աշխատավարձ՝ ստանան»:

 

Խոսելով նախարարության աշխատանքներից՝ տիկին Հակոբյանը պատմեց, որ իրենց աշխատակիցները կապվել են խմբագիրների հետ, խնդրել, որ օտար լեզվով իրենց նյութերը գրեն, որ հասկանալի լինի, կենտրոնական թերթերից մարդկանց ուղարկեն այստեղ, որպեսզի իրականությունն իրենց աչքերով տեսնեն:

 

«Բաներ կան, որ չենք ասում այս օրերին, նաև հոգիդ թույլ չի տալիս, որ վեր կենաս էկրանից խոսես: Մենք ամեն օր հատուկ մեսիջներ ու կարգախոսներ ենք ուղարկել սփյուռքին: Սփյուռքն իմ աշխատողները չեն, որ ես հրաման ստորագրեմ և աշխատեն: Դուք երբևէ տեսե՞լ եք սփյուռքն այսքան կազմակերպված, որ մի հարցի մասին ոտքի կանգնի, կարդացեք իրենց հայտարարությունները, ուրիշ ինչ եք առաջարկում ասեք` անեք»,- ասում է նախարարը:

 

Հարցին, թե այդքան օգնություն կա, բայց մեր բանակը 80-ականների զենքով է զինված, Հակոբյանը շեշտում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե ելույթը որ լսարանի համար է եղել, քանի որ դա ասվել է Գերմանիայում՝ գերմանական լսարանի համար:

 

«Պետք է շատ վստահ լինենք, որ մենք ունենք ժամանակակից սարքավորումներ, որոնց մասին չենք ասում: Ավելին՝ թող հակառակորդը քիչ իմանա մեր հնարավորությունների մասին: 

 

Մենք դեռ ծանր վիճակում ենք, մենք պարտավոր ենք համախմբված ձևով աշխատել: Հենց թուրքն ու ադրբեջանցին են ուզում, որ մենք իրար քրքրենք, որ ամեն մեկը ում չի սիրում, ցեխ նետի, վիրավորի, արհամարհի, այդպես չի կարելի: Պետական կառավարման համակարգը շատ հստակ և վստահ է աշխատել այդ օրերին, քան երբևէ: Ինչո՞ւ եք ամեն անգամ փնտրում մեկն էկրանին երևաց, թե՞ չէ: Մեր լոբբիստական կառույցները, հայ դատի գրասենյակը, հայկական համագումարը, եվրոպական կառույցները փայլուն են աշխատում»,- ասաց տիկին նախարարը:

Ն.Ա.