Ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» կոչվող նախաձեռնությունը ժամը 18:00-ին հավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որտեղից երթով պետք է շարժվեին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Ազատության հրապարակում Հայկ Փայտյան անունով երիտասարդը բարձրաձայն ընթերցեց իրենց պահանջները Բ26-ին, այնուհետև հավաքվածներին հորդորեց շարժվել դեպի Բաղրամյան 26։ Իհարկե, ինչպես և սպասվում էր, ոստիկանությունը նրանց թույլ չտվեց երթ անել դեպի Բաղրամյան 26։ Սակայն, ամեն ինչի մասին հերթով։

 

Ովքե՞ր էին երթի իրական կազմակերպիչները կամ գաղափարի հեղինակները

Ազատության հրապարակում հիշյալ նախաձեռնության անդամներից Հայկ Փայտյանը խրոխտ ձայնով սկսեց ընթերցել իրենց պահանջները Բաղրամյան 26-ին։ Դրանք էին՝ ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպանել ստատուս-քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտքն Արցախ կամ հարակից տարածքներ, պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ-ն դեմ է Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայմանը և տարածքային որևէ զիջումների չի գնալու: Պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին։ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:

 

Իհարկե, առաջին հայացքից պահանջները բավական հայրենասիրական են, ոչ ոք նրանց չի մեղադրում նման պահանջներ ունենալու համար։

 

Այս պահանջները ընթերցելուց հետո, Հայկ Փայտյանին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ փորձելով ճշտել, թե ով է երթի կազմակերպիչը, ինչու այն իրազեկված չէ և այլն։ Հայկ Փայտյանն ամեն կերպ հերքում էր, թե ինքն է կազմակերպիչը կամ ինքը որևէ կուսակցության կամ կազմակերպության անդամ է։ Մեկ փոքրիկ դետալ ևս նշենք, որը չէր կարող վրիպել մեր աչքից։ Ազատության հրապարակում, երբ փորձեցինք հետաքրքրվել ելույթ ունեցող տղայի՝ տվյալ դեպքում Հայկ Փայտյանի անունը, նրա ընկերները համառորեն չէին ասում, հորդորում էին նշել՝ որպես «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամ։

 

Վերադառնալով բողոքի ակցիային՝ շարունակենք։ Ազատության հրապարակում հավաքվածները՝ Հայկ Փայտյանի «գլխավորությամբ», փորձեցին շարժվել դեպի Բ26, ինչը ոստիկանության կողմից արգելվեց։ Պետք է շեշտել, որ հավաքվածների գերակշիռ մասը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, աջակիցներ էին, ովքեր ներկայանում էին որպես ՀՀ քաղաքացիներ և պնդում, որ հավաքի կազմակերպման հետ որևէ կապ չունեն։ Բայց, նրանց մարտավարությունից, բարձրացվող հարցերից, հիստերիայից, ոստիկանների հետ անընդհատ հրահրվող բախումներից դժվար չէր հասկանալ, թե ովքեր են այս նախաձեռնության հետևում կանգնած։

 

Ո՞վ էր Հայկ Փայտյանը


Ամբողջ հավաքի ընթացքում որպես ՀՀ քաղաքացի ներկայացող Հայկ Փայտյանն իրականում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ կամ աջակից է։ Ուսումնասիրելով նրա «քաղաքական կամ քաղաքացիական» ուղին՝ նկատեցինք, որ նա սկսած Բաղրամյանի ցույցերից, վերջացրած «Հիմնադիր խորհրդարանի» ցույցերով, ակտիվ մասնակցել է դրանց։ Մասնավորապես՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ձևավորման ժամանակ Փայտյանն ակտիվորեն մասնակցել է գրեթե բոլոր բողոքի ցույցերին, բավական ռադիկալ ելույթներ ունեցել հարթակից՝ որպես ՀԽ աջակից։ Անցած տարի ապրիլի 24-ին Էրեբունի թանգարանի տարածքում, երբ «Հիմնադիր խորհրդարանը» բողոքի ցույց անցկացրեց, այդ նույն Հայկ Փայտյանը ռեժիմին հեռացնելու կոչերով ելույթ ունեցավ հարթակից։ Անցած տարվա ապրիլի 17-ին Ազատության հրապարակում Ժիրայր Սէֆիլյանի թիմի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ևս որպես ՀՀ քաղաքացի ներկայացող Հայկ Փայտյանը շատ կոշտ ելույթով հանդես եկավ։ Իհարկե, անցած տարվանից Հայկ Փայտյանի մոտ երևի միայն փոխվել է հագուստը։ Եթե այն ժամանակ նա կրում էր Ժիրայր Սէֆիլյանի պատկերով վերնաշապիկ, հիմա կրում է կոստյում։ Ինչևէ։ Հարկ չենք համարում նրա հագուկապը մեկնաբանել կամ քննադատել։

 


Հայկ Փայտյանը՝ Բաղրամյան պողոտայի ցույցերի ժամանակ


Ինչո՞ւ ոստիկանությունը բռնություն կիրառեց

Ազատության հրապարակից ոստիկանության մեծաթիվ ուժեր հավաքի մասնակիցներին թույլ չտվեցին առաջ շարժվել դեպի Բաղրամյան։ Սակայն, երիտասարդներին հաջողվեց ճեղքել ոստիկանության պատնեշը և տարբեր ճանապարհներով հասնել Բաղրամյան պողոտայի սկզբնամաս։ Այնտեղ ևս նրանց «սպասում էին» ոստիկանության մեծաթիվ ուժեր, ովքեր ամեն գնով թույլ չէին տալու երթ անցկացնել դեպի Բ26։ Ոստիկանությունը մի քանի անգամ հորդորեց հավաքվածներին ազատել մայթերը, բացել փողոցը, սակայն ապարդյուն։ Քաղաքացիները վճռական էին տրամադրված։ Արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանության և հավաքվածների միջև։ Բերման ենթարկվեց ավելի քան 40 մարդ, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին։ Բերման ենթարկվածների մեծամասնությունը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ, աջակիցներ, համախոհներ էին։ Աչքի առաջ ունենալով «Հիմնադիր խորհրդարանի» ոճն ու մարտավարությունը՝ ոստիկանությունը չէր կարող թույլ տալ երթ անել դեպի նախագահական նստավայր։ Իսկ թե ինչ մարտավարություն ունի «Հիմնադիր խորհրդարանը», կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բավական է հիշել անցած տարի ապրիլի 24-ին Ժիրայր Սէֆիլյանի թիմի նախապատրաստած գործողությունները, որոնք ձախողվեցին։


Ինչո՞ւ բերման ենթարկվեցին լրատվական կայքի օպերատորները

Այսօր Հայաստանում կարծես ավանդույթ է դարձել բողոքի ակցիաների ժամանակ լրագրողական բեյջերով ներկայանալը։ Ու դա անում են ակտիվիստները, տարբեր կազմակերպության անդամները։ Վերջին շրջանում նման տենդենց է նկատվում, որ որպես արտահաստիքային լրագրող են ներկայացվում կուսակցականները, ակտիվիստները և լրագրողական բեյջերով ներկայանում այս կամ այն բողոքի ակցիային։ Այս երևույթի անընդունելի լինելու մասին ավելորդ ենք համարում խոսել, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է դա։ Ինչքան էլ զավեշտալի թվա, հենց այս բողոքի ակցիայի և չստացված երթի ժամանակ ոստիկանության և քաղաքացիների հետ բախումների ժամանակ բերման ենթարկվեց հայկական օնլայն կայքերից մեկի օպերատորը, ով հեռախոսով ապահովում էր տվյալ միջոցառման facebook-յան ուղիղ հեռարձակումը։

 

Երիտասարդին բերման ենթարկելու պատճառներից մեկն էլ հենց վերը նշած երևույթն էր։ Օպերատորը հեռախոսով էր նկարում, «արա»-ով էր խոսում ոստիկանների հետ, ինչը, որքան էլ ցավալի է, բնորոշ է ակտիվիստներին։ Իր ընկերոջը պաշտպանելու համար բերման ենթարկվեց նույն կայքի մյուս օպերատորը։ Բնավ, թող տպավորություն չստեղծվի, որ փորձում ենք արդարացնել ոստիկանության գործողությունները և պաշտպանի լիազորություններ ենք մեզ վրա վերցնում։ Սակայն, փաստ է այն, որ այսօր «լրագրող» հասկացությունը շատերի մոտ ասոցացվում է որպես ակցիաների ժամանակ սադրող, հրահրողի հետ։ Այն, որ տարբեր լրատվամիջոցներ իրենց համակիրներին բաժանում են լրագրողական բեյջեր ու ճանապարհում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու, փաստ է։ Պատկան մարմինները, լրագրողական կազմակերպությունները պետք է իրենց ուշադրությունը սևեռեն այս երևույթի վրա, քանի որ սրանով արատավորվում է առանց այն էլ պարկեշտությամբ չփայլող լրագրողական դաշտը։ Ի՞նչ է նշանակում ակտիվիստին, հասարակ քաղաքացուն տրամադրել լրագրողի բեյջ և ուղարկել միջոցառման։ Իսկ թե այսօր ու անցյալում ովքեր, որ կազմակերպությունները, որ կուսակցություններն են արել նման բան, բոլորին է հայտնի։ Ես՝ որպես լրագրող, չեմ ընդունում դա և չեմ պատրաստվում հանդուրժել, որ իմ մասնագիտությունը դարձնեն վաճառքի առարկա։ Եթե որևէ մեկն ուզում է լրագրող դառնալ, դրա համար գոյություն ունի համապատասխան ընթացակարգ՝ գնալ սովորել, կատարելագործվել և աշխատել։ Միայն այդ դեպքում կհարգեմ նրան որպես լրագրող։ Ես՝ որպես լրագրող չեմ ուզում, որպեսզի իմ անունն ասոցացնեն բողոքի ակցիաների ժամանակ սադրողի, հրահրողի անվան հետ։ Հարցն իրավական առումով, կարծում եմ, պետք է կարգավորվի. դա բխում է ինչպես մեր՝ լրագրողներիս շահերից, այնպես էլ իրական պայքարողների:  


Մնացած հետևությունները թողնում ենք ընթերցողին։

Մասնագիտությամբ լրագրող՝ Քրիստինա Աղալարյան