
Ինչպես գիտեք, օրերս Երևանում կայացած«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»երկրորդ գլոբալ համաժողովին իր մասնակցությունն էր բերում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առաջ ու անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմային՝ Նախագահն իր խոսքում մի քանի կարևոր շեշտադրումներ է արել, որոնցով փորձել է Հայաստանի ժողովրդի ձայնը լսելի դարձնել համաշխարհային հանրությանը: Նա իր խոսքում, մանավորապես, ասել է.
«Անկախության հռչակումից ի վեր մենք որդեգրել ենք բազմավեկտոր քաղաքականություն՝ փորձելով հարաբերություններ զարգացնել մեր բոլոր հարևանների հետ: Անգամ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք, նախաձեռնություն, որի արդյունքում աշխարհը տեսավ, թե ինչու է իրականում փակ հայ-թուրքական սահմանը, ով է նախապայման դնողն ու ինչպիսի իրական գործոն է թուրք-ադրբեջանական՝ մեկ ազգ-երկու պետություն բանաձևը: Իսկ ովքեր մինչ օրս լիովին չեն ընկալել այդ բանաձևի քաղաքական էությունը, ուրեմն՝ կարևոր մի բան բաց են թողել իրենց հաշվարկներում»:
Իսկ ահա խոսելով ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին՝ նախագահ Սարգսյանը ընդգծել է այն միտքը, որ քառօրյա պատերազմի հետևանքով՝ ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ: Իր խոսքը նախագահը եզրափակել է կոչով՝ ուղղված աշխարհին. «Մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»:
Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի «համբերության բաժակը» լցվել է, իսկ աշխարհի կողմից հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելը՝ զզվեցնելու աստիճան հոգնեցրել.Նախագահ Սարգսյանի ելույթի հիմնական գաղափարական մեխը, թերևս, հենց, սա պետք է համարել:Սարգսյանը, ըստ էության, փորձեց դիմակազերծել աշխարհի կեղծավորությունն ու կոչ անել համապատասխան երկրներին գոնե այս հարցում հավատարիմ մնալ հանրահռչակած սկզբունքներին ու ձևը ներդաշնակորեն զուգակցել բովանդակության հետ. ժամանակն է, որ աշխարհը իրերը կոչի իրենց անուններով ու մեզ համար կարևորագույն հարցերը «ականջի հետև» չգցի ու դատապարտի իրական ագրեսոր Ադրբեջանին՝ սանձազերծելու համար քառօրյա պատերազմը, որը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Մի ուշագրավ հանգամանք ևս. երևի թե առաջին անգամ է, որ Հայաստանը, իր Նախագահի շուրթերով, աշխարհի առաջ դնում է հստակ նախապայման, որի կատարման դեպքում միայն պաշտոնական Երևանը կհամաձայնվի նստել բանակցությունների սեղանի շուրջ. ագրեսորին մատնացույց անելն ու դատապարտելն է, որից պետք է համապատասխան դասեր քաղի հենց Բաքուն: Ակնհայտ է, որ եթե քաղաքակիրթ մարդկությունը այս անգամ էլ անտեսի հակամարտության վերաբռնկման բուն պատճառն ու հանդես գա հերթապահ ու ոչինչ չասող, չհաստակեցնող հայտարարություններով՝ ազերիները միայն առիթավորվելու են ու շարունակելու են իրենց սադրանքներն ու գազանաբարո գործողություններն ընդդեմ Հայաստանի,ընդդեմ մարդկության: Նախագահը կարծես ուզում է ասել.«Դուք եկել եք Երևան՝ հարգելու մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց փաստացի անտարբեր եք նույն այդ ցեղասպանական քաղաքականության մերօրյա դրսևորման նկատմամբ. ինչո՞ւ…»:
Իսկ «ինչու»-ի պատասխանը, կարծում ենք, պարզ է անգամ ծծկերին. աշխարհը երբեք չի դադարել ցինիկ լինելուց. բոլորը՝ անխտիր, ելնում են բացառապես իրենց նեղ շահերից ու պատրաստ են հանուն այդ ժամանակավոր շահերի ուրանալ թե՛ հումանիզմ,թե՛ արդարություն: Սա է իրականույունը՝ ուզենք մենք դա, թե ՝ ոչ:
Դավիթ Բաբանով