Համակարգ է պետք փոխել։ Մարդկանց այսօր հանել դնելով, ոչ մի բան չի փոխվելու։ Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունների վերաբերյալԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Կարո՞ղ եք ասել մի մարմին, որն աշխատել է։ ԱԳՆ-ն է աշխատե՞լ, ԱԱԾ-ն է աշխատե՞լ, ո՞ր մարմինն է աշխատել։ Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ո՞վ է ղեկավարել, ո՞ւմ ժամանակ են այդ մարդիկ նշանակումներ ստացել։ Դրա համար էլ հարցնում եմ՝ էդ ո՞ր մարմինն է աշխատել, որ հիմա միայն Պաշտպանության նախարարությունում փոփոխություններով բան պետք է փոխվի։ Հասկացանք՝ ՊՆ-ն առաջնային է, պատերազմ է գնում։ Համակարգ է պետք փոխել»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ աշխատում է, որ ինքը քայլեր է անում, նստած չէ, փորձում է ինչ-որ բաներ ուղղել. «Որովհետև Հայաստանի ներսում զայրույթն այն աստիճան է արդեն հասել, որ եթե մի փոքր կայծ լիներ, այնպիսի իրավիճակ կստեղծվեր, որ Սերժ Սարգսյանը չէ, ով ուզում էր գար, դեմը չէր կարողանա առնել։ Ժողովրդի զայրույթն այնքան է հասել, որ Սերժ Սարգսյանը ոչինչ չանել էլ չի կարող։ Հիմա նա փորձում է ցույց տալ, որ ինչ-որ բան անում է։ Բայց այդ անելը կտա՞ իր արդյունքը, հնարավորությունը հարցերը ռեալ լուծելու, թե՞ դա փիառ քայլ է։ Ռազմական նախարարության գործողություններից բացի, ամենակարևոր հարցերից մեկը Հայաստանի տնտեսության վիճակն է։ Միայն փիառ քայլերով ի՞նչ։ Սա առաջին օրերին էր պետք է անել»։
Կարապետյանի գնահատմամբ՝ պատերազմի կանխարգելման ոչ մի գործառույթ, ըստ էության, չի գործել։ «Լավ, դա չի գործել, այդ դեպքում ի՞նչ է արել ԱԱԾ-ի արտաքին հետախուզությունը, անվտանգության խորհուրդը, դիվանագիտական կորպուսի անալիտիկայի մասը: Նման շատ ու շատ հարցեր կարող եմ տալ։ Դա գիտե՞ք՝ ինչից է գալիս։ Մարդիկ իրենց տեղում չեն՝ որպես մասնագետներ, որովհետև թալանն այնքան մեծ է, որ գումարները տեղ չեն հասնում։ Այսօր՝ 21-րդ դարում, պատերազմը հիբրիդային է և հիմնականում հենված է մեծ փողերի ծախսի վրա։ Պաշտպանության նախարարությունը որտեղի՞ց պետք է վերցներ փողեր ու այդ բոլոր գործերը աներ։ Պետությունը պետք է տար, չէ՞, էդ փողերը բյուջեից։ Իսկ պետությունը որտեղի՞ց տա, եթե թալանում են։ Վարչապետը հայտարարում է, թե ես բանակը չեմ թալանել, շենք չեմ սարքել։ Չեղա՞վ, որ բյուջեի հերն անիծում են։ Հարկեր չեն մուծում, Սերժ Սարգսյանից սկսած՝ մինչև վերջին օլիգարխը, հարստացել են։ Իրենց հայտարարագրերը նայեք։ Ո՞վ է մեղավոր, որ բյուջեն թալանել եք, բանակին չի հերիքել։ Համակարգային թալան է եղել։ Հիմա վերցնում համակարգից հանում եք մարդկանց, ասում՝ լավը չէին, դե սրանով բավարարվեք։ Ոչ, պարոն Սերժ Սարգսյան, դրանով չենք բավարարվելու։ Համակարգ է պետք փոխել։ Հենց Սերժ Սարգսյանից պետք է փոխել համակարգը»,- մանրամասնեց Արամ Կարապետյանը։
Հիշեցնենք՝ այսօր Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Քրիստինա Աղալարյան