Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել աշխարհահռչակ«BLOOMBERG» գործակալությանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեմայով: Առաջին բանը, որ նախագահ Սարգսյանը արել է, քառօրյա պատերազմին անդրադառնալն է եղել. իր խոսքում նա նույնիսկ ժամերի ճշգրտությամբ ներկայացրել է սահմանին տեղի ունեցած իրադարձություններն ու փորձել աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի այն պնդումները, թե իբր նախահարձակ են եղել հայերը, ամբողջությամբ թյուր են ու չեն համապատասխանում իրականությանը. միանգամայն տեղին արված շեշտադրում, որով փորձ է արվում պատռել հակառակորդի՝ զոհի կեղծ դիմակն ու փաստարկել հայկական կողմի տեսակետները: Բացի սա՝ նախագահը շատ հստակորեն ներկայացրել է ազերիների պլանը, համաձայն որի՝ թշնամին իր առաջ խնդիր էր դրել գրավել ամբողջ Ղարաբաղը: Որպես փաստարկ նախագահ Սարգսյանը հիշատակել է ոչնչացված ուղղաթիռից պաշտպանության բանակի մարտիկների հանած օդաչուների քարտեզները, որտեղ շատ հստակ նշված են եղել այն նշանակետերը, որ պիտի խոցվեին, և դրանք գտնվում էին մեր պաշտպանության խորքում: Սրանով, ըստ էության, նախագահը հասկացնել է տվել, որ ազերիների նպատակը եղել է ոչ միայն Արցախը, այլև, եթե բախտը ժպտա, և Հայաստանի բուն տարածքը: Իսկ խոսելով Ադրբեջանի կողմից մեր դեմ օգտագործած զինատեսակների մասին, Նախագահը բավական մանրակրտորեն թվարկել է դրանցից մի քանիսը՝ ակնարկելով այն, որ նման պարագայում խոսել պարզապես զինադադարի խախտման մասին, ինչպես անում են որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ, անընդունելի է:

 

 

Նա, մասնավորապես, ասել է. «Չորս օրերի ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ և ավերիչ զենքեր, ինչպիսիք են «Սմերչը», «ТОС»-ը, իսրայելական «ЛОР»-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ և հրետանու բոլոր տեսակները՝ մինչև 152 մմ-անոց»:Նախագահը հստակ հասկացրել է նաև,որ իրականում տարածաշրջանը պայթյունավտանգ վիճակում է գտնվում, իսկ լայնամասշտաբ պատերզամը կարող է ամեն վայրկյան բռնկվել՝ ըստ էության փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ազերիների ապակառուցողական հռետորաբանության վրա: Իսկ խոսելով հակամարտությունում ՌԴ ունեցած դերակատարության մասին' Նախագահն ընդգծել է ՌԴ ունեցած կարևորագույն դերակատարման մասին ու ակնարկել, որ Հայաստանը գոնե այս փուլում չի պատրաստվում որևիցե բանակցություններ վարել ադրբեջանցիների հետ, քան որ հիմա ոչ թե բանակցելու, այլ գործելու ժամանակն է. Ռուսաստանը պետք է անի ամեն բան՝ թույլ չտալու տարածաշրջանում մի նոր արկածախնդրություն, որը չի կարող բխել իր իսկ շահերից:

 

 

Սարգսյանը մասնավորեցրել է. «ՌԴ-ին ձեռնտու չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որովհետև, երբ որ նաև այս 4 օրվա իրադարձություններն եմ վերլուծում, տեսնում եմ, որ ՌԴ-ն վարում է, գոնե մեդիա ոլորտում, գոնե հայտարարությունների մակարդակով, հավասարակշռված քաղաքականություն՝ մեր նկատմամբ և Ադրբեջանի նկատմամբ, չնայած նրան, որ մենք ՌԴ-ի հետ ունենք ռազմավարական պայմանագիր, իսկ ինչպես ռուսական պաշտոնյաներն են արտահայտվում, Ադրբեջանը հանդիսանում է նրանց ռազմավարական գործընկերը: Մենք' ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը' ռազմավարական գործընկեր: Այսպես նրանք պահպանում են հավասարակշռությունը: Ե՛վ ՀՀ-ում կա որոշակի հասարակական դժգոհություն, և՛ Ադրբեջանում կա որոշակի հասարակական դժգոհություն: Բայց եթե նրանք կողմ դարձան, երկու երկրներից մեկում դժգոհությունը շատ-շատ ավելի մեծ է լինելու, իսկ դա նրանց պետք չէ»:



Սա, թերևս, հարցազրույցի ամենակարևոր պահերից մեկը կարելի է համարել, քանի որ, ըստ էության, Սարգսյանը շատ հստակ մեսիջ է փորձում ուղարկել Մոսկվա՝ հասկացնելով վերջինիս, որ եթե շարունակվի նմանօրինակ քաղաքականությունն ու Ռուսաստանը հավասարության նշան դնի հակամարտ կողմերի միջև, կարող է և կորցնել Հայաստանի ժողովրդի համակրանքը: Այստեղ ուշագրավ է ժողովրդի մասին հիշատակումը, որով Սարգսյանը հասկացնում է Մոսկվային, որ հարցն այս վեր է վարչակարգային մակարդակից ու շատ ավելի խորքային է, քան կարղ է թվալ առաջին հայացքից. զոհասեղանին են հայ-ռուսական դարավոր եղբայրական հարաբերությունները, որոնք վտանգել Մոսկվան պարզապես իրավունք չունի: Իսկ որպես եզրափակիչ ակորդ նախագահ Սարգսյանը շարադրել է այն նախապայմանները, որոնց կատարման պարագայում միայն միջազգային հանրությունը կարող է հայկական կղմից պահանջել նստել բանակցությունների սեղանի շուրջ:

 

 

«Որպեսզի սկսվեն բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ՝ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը' անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ' մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ' պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:



Այլևս ակնհայտ է, որ Հայաստանը չի պատրաստվում հանդուրժել ոմանց կրավորական կեցվածքն այս խնդրի հետ կապված ու պահանջում է իրերը կոչել իրենց անուններով: Եթե Ռուսատանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, կարծում է, որ իր պարտավորվածությունները վերաբերում են բացառապես հայ-թուրքական հարաբերություններին, ապա նա չարաչար սխալվում է. սպառնալիքը սպառնալիք է՝ լինի արևելքից, թե՝ արևմուտքից. սա պետք է բոլորին պարզ լինի…



Դավիթ Բաբանով