Քիչ առաջ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկմանը ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով կարծում է, որ տարիներ շարունակ Հայաստանի պետականության զարգացման արգելակման հիմնական պատճառներից մեկը եղել և մնում է անկատար ընտրական համակարգը և շարունակաբար կեղծվող ընտրությունները:
«Թեև այսօր կարևորագույն խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորումն է, սակայն դիվանագիտական հաջողություններ գրանցելու համար պետք է ունենալ թիկունք, իսկ դա մրցունակ պետությունն է: Այս հարցում չպետք է թերագնահատել ընտրությունների դերը»,- ասաց պատգամավորը:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ երբ այսօր Ղարաբաղյան ճակատում անհանգիստ է, փաստացի պատերազմական վիճակ, երբ հայկական զույգ պետությունների ազգային անվտանգությունն առավել քան երբևէ հանդիպում է լուրջ մարտահրավերների, մեզ անհրաժեշտ է ապահովել համախմբում, որը չպետք է լինի այսրոպեական և պետք է ստանա ինստիտուցիոնալ բնույթ:
«Դա կարող է տեղի ունենալ ընտրական ինստիտուտի հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու դեպքում: Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունը մի շարք առանցքային հարցերում միայն մասամբ է ընդառաջ գնացել քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի պահանջներին, և առաջարկված լուծումները կարելի է համարել թերի»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ ընտրական գործընթացի ժողովրդարացման աստիճանը կախված է նաև մեր հասարակության իրավագիտակցության մակարդակից: Հասարակությունը պետք է մեկընդմիշտ հրաժարվի ընտրակաշառքով քվեարկելու արատավոր պրակտիկայից: Որպեսզի դրան հասնենք, նախ և առաջ չպետք է ընտրակաշառք բաժանել:
«Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմը պետք է հետևությունների առիթ հանդիսանա, թե՛ իշխանության և քաղաքական մնացյալ ուժերի և թե՛ հասարակության համար: Հարկ է քաղաքական և հասարակական կամք դրսևորել և անցկացնել օրինական խորհրդարանական ընտրություններ: Սահմանին կանգնած մեր զինվորի համար ամենամեծ աջակցությունը կլինի այն, որ խորապես համոզվի, որ իր թիկունքում ունի միասնական ժողովուրդ և մրցունակ ու ուժեղ պետություն, այս քառօրյա պատերազմը պետք է սթափեցնի մեզ բոլորիս»,- ասաց տիկին Սարգսյանը: