ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ՝ նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանը։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ-ի փորձաքննություն։

 

 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդի տանն ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության մեջ հստակ նշված էր նաև, որ ««Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ»։

 

 

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի և այսքան պատահական համընկնումներ չեն կարող լինել, և հաշվի առնելով նաև արդեն իսկ հրապարակված այլ փաստեր ու հանգամանքներ, գրեթե կասկած չունենք, որ ՀՀ քննչական կոմիտեն որպես պայթյունի պատճառ հանդիսացած անձի կամ մեղավորի անուն շուտով հրապարակելու է հենց նախկինում երկու անգամ դատված (Հայաստանում սպանության փորձի համար, իսկ արտերկրում դատվածության պատճառը մեզ դեռ անհայտ է) Ռուբեն Բալյանի անունը: Միաժամանակ, կարծում ենք, պարզ է նաև, որ Ռուբեն Բալյանն ավտոբուսը պայթեցնելու նպատակ չի ունեցել, ավտոբուսի սրահի ներսում տրոտիլը կամ այն պարունակող պայթուցիկ սարքը պայթել է ինչ-որ անզգուշության, անփութության կամ դիպվածի հետևանքով:



Ըստ Իրավաբան.net-ն հրապարակած տեղեկությունների, նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել տուն՝ այնտեղ պայթեցնելու և մորը սպանելու նպատակով: Սա նշանակում է, որ մայրը և Ռուբեն Բալյանն ապրել են առանձին տներում, քանի որ Ռ. Բալյանը չէր կարող տրոտիլը պայթեցնելու նպատակով տանել այն տուն, որտեղ ապրում է, և որտեղ արդեն իսկ կար այդ նյութից, մի բան էլ ավելին՝ պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

 


Ավելի վաղ հավաստի աղբյուրներից մեզ հայտնի էր դարձել, որ մոր նկատմամբ նրա խնդիրը կապված է եղել բնակարանի հետ, քանի որ մայրն այն կտակել կամ նվիրել է աղջկան՝ իրեն բաժին չտալով: Այսինքն՝ պայթեցման եղանակով մորը սպանելու նրա դիտավորությունն ունեցել է կենցաղային դրդապատճառ:

 

 

Չնայած ՀՀ քննչական կոմիտեի և որոշ ԶԼՄ-ների հրապարակած փաստերին և բացատրություններին, ոմանք չեն հավատում, որ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառն այն է, ինչ ներկայացված է վերևում: Առանց որևէ հիմքի, նրանք փորձում են կատարվածը բացատրել ահաբեկչությամբ, ինչը հուշում է, որ կամ հոգեբանական առումով մազոխիստական հակումներ ունեն (կարծես թե եղած անհանգստությունները, տագնապները քիչ են), կամ իշխանություններին ամեն ինչում և ամեն կերպ մեղադրելու մտասևեռում՝ այս ողբերգությունը նույնպես փորձելով ծառայեցնել դրան: Ըստ նրանց՝ ահաբեկչություն է եղել, բայց իշխանությունները թաքցնում են այն, որպեսզի խուճապ չառաջանա, միաժամանակ պատասխան չտան այն չկանխելու համար: Իսկ, հետաքրքիր է, այդ ո՞ր երկրում են իշխանությունները ժողովրդին երաշխիք տվել, որ բոլոր ահաբեկչությունները կարող են կանխել ու կանխելու են, Իսրայելո՞ւմ, Միացյալ Նահանգներո՞ւմ, Ֆրանսիայո՞ւմ, Գերմանիայո՞ւմ, թե Ռուսաստանում:

 

 

Հիմա տեսնենք, թե այս պարագայում որքան սնանկ է ահաբեկչության վարկածը:

 

 

Նախ, եթե ահաբեկչություն է, բնականաբար, ենթադրվում է՝ դրսից Հայաստան ներթափանցած ինչ-որ անձի կամ անձանց կողմից իրականացված, ապա այդ դեպքում ո՞վ է նախկինում երկու անգամ դատապարտված, որոշակի հասցեում բնակված 55-ամյա Ռուբեն Բալյանը: Նա հորինված անձնավորություն չէ, նրա բնակության հասցեն իրավապահներին հայտնի է և առաջիկայում, կարծում ենք, կհրապարակվի: Ավելին՝ Իրավաբան.net-ն արդեն եղել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում, և տեսանյութ հրապարակել:

 

 

Ըստ ոմանց ենթադրությունների՝ իրավապահներն իրենց արխիվները փորփրելով, գտել են նախկինում երկու անգամ դատապարտված մեկին, նրա «գլուխը կերել» կամ ասպարեզից հանել այդ մարդուն, նրա տանից «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի, պայթուցիչ սարքերի (դետոնատորների) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումների հայտնաբերման պատմությունը «սարքել» կամ հորինել, «սարքել» կամ հորինել են նաև ավտոբուսում տրոտիլի տարրերի, հետքերի հայտնաբերման պատմությունը, ու փորձում են այնպես ներկայացնել, թե ավտոբուսում պայթյունը եղել է այդ մեքենայով նրա կողմից տեղափոխվող տրոտիլի պայթելու հետևանքով: Մի պահ զուտ պայմանականորեն ընդունենք, թե դա այդպես է, բա մոր հետ կապված վերոնշյալ պատմությո՞ւնը… Եթե դա էլ է հորինված, մայրը, հարազատներն արդեն իսկ կասեին, եթե ոչ երեկ, այսօր, ապա վաղը մեծ աղմուկ կբարձրացնեն, թե այս ի՞նչ պատմություն եք հորինել մորը սպանելու դիտավորության ու տան հետ կապված: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը չէր համարձակվի վերոնշյալ կայքին հայտնել, որ «դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել»:

 

 

Երկրորդ. ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձը պաշտոնապես ներկայացվում է 55-ամյա Ռուբեն Բալյանը: Եթե իրականում նա չէ, այլ մեկ ուրիշը, ապա նրա ընտանիքի անդամները, մերձավորները, երբ այսօր տեղեկացվեց, որ մահացած երկրորդ անձը Ռուբեն Բալյանն է, չե՞ն ասի՝ ի՞նչ Ռուբեն Բալյան, այս ի՞նչ եք հորինել, մեր ընտանիքի անդամի, հարազատի, ընկորոջ անուն ազգանունն ուրիշ է:

 

 

Երրորդ. եթե ահաբեկչություն է՝ իրականացված «Իսլամական պետության» կամ ահաբեկչական մեկ այլ կազմակերպության կողմից, ապա նրանք ահաբեկչությունն իրականացնելուց հետո հրապարակայնորեն հայտարարում են այդ մասին, չեն թաքցնում, որպեսզի ահաբեկչությունը ծառայի իր նպատակին, չկորցնի իր իմաստը: Այսինքն՝ բոլորին պարզ լինի, որ այն իրենք են արել և արել են այս կամ այն որոշակի նպատակով (վրեժ լուծելու, տվյալ պետությանը դրանից հետո որոշակի քայլեր կատարելուն կամ չկատարելուն հարկադրելու): Բնականաբար, ՀՀ իրավապահ մարմինները կամ իշխանությունները չէին համարձակվի այսպիսի պատմություն հորինել կամ սարքել, որովհետև վաղը «Իսլամական պետություն» կոչվածը կամ մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն կարող էր հայտարարել, որ ավտոբուսում պայթյունն իր իրականացրած ահաբեկչությունն է:

 

 

Չորրորդ. նախորդ կետում շարադրված փաստարկն էլ դեռ մի կողմ թողնենք, որովհետև 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, որ ահաբեկչական որևէ կազմակերպություն Հայաստանում խառնակություն, իշխանությունների նկատմամբ առավել մեծ անվստահություն առաջացնելու, կարճ ասած, մեզ թշնամություն անելու դիտավորությամբ հանդես չի գա նման հայտարարությամբ: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից իրականացված լինելու պարագայում այդ պետությունները, ի տարբերություն «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կազմակերպությունների, չէին հայտարարի, որ իրենք են արել: Ընդամենը մի պարզ հարց տանք, ընդամենը մտորենք մի պարզ հարցի շուրջ. եթե կատարվածն ահաբեկչություն է, ապա ահաբեկչին ի՞նչն էր խանգարում այդ պայթյունն իրականացնել նախորդ օրը՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որտեղ զոհերը ոչ թե երկուսը, այլ հարյուրավորները կարող էին լինել, տեղական և համաշխարհային արձագանքն էլ՝ անհամեմատ ավելի մեծ: Լավ, մի պահ ենթադրենք, թե Ծիծեռնակաբերդում չէր կարող, բայց կարո՞ղ էր, չէ՞, պայթյունն իրականացնել պիկ ժամի և ավելի մեծ տարողության ավտոբուսում, որոնցում երբեմն կամ հաճախ նույնիսկ կանգնելու տեղ չի լինում, 50-ից ավելի մարդ է լինում, ոչ թե 10 հոգի՝ վարորդն էլ հետը:

 

 

Արթուր Հովհաննիսյան