Ադրբեջանում ապրիլի 26-ին լրագրող Հադիջա Իսմայիլովայի գործով փաստաբան Ամալ Քլունիի հարցազրույցը հիստերիայի ալիք է առաջացրել: Երկրի կառավարությունը կրկին արեց այն, ինչ անում է, երբ բանը հասնում է երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին. հայտարարեց հայերի գլոբալ դավադրության մասին, գրում է Eurasianet-ը:

 

«Անկախ հանգամանքից, որ ՄԻԵԴ-ում Քլունիի գործը կապված է ադրբեջանցի լրագրողի պայքարին ընդդեմ Ադրբեջան պետության, Ադրբեջանի պետական քարոզչությունը կգտնի հայկական կապ, եթե անգամ այն չկա»,- գրում է EurasiaNet-ը՝ մեջբերելով Day.az-ին, որը գրել էր. «Պարզվում է՝ Հայաստանն ունի այնպիսի զենք, որի մասին մենք չենք կարող անգամ երազել։ Մահացու զենք, որ Հայաստանն օգտագործում է ընդդեմ Ադրբեջանի. բավական հայտնի իրավաբան Ամալ Քլունին է»։

 

Բաքվի մտածողության մեջ Քլունին կասկածելի է, քանի որ նախկինում ՄԻԵԴ-ում ներկայացրել է Հայաստանի կառավարությանը։ Նշվում է նաև նրա ամուսինը՝ Ջորջ Քլունին, ով աջակցում է հայերի ցեղասպանության ճանաչմանը։ Երբ Քլունին հայտարարեց, որ ստանձնում է Իսմայիլովայի պաշտպանությունը, Ադրբեջանի լրատվամիջոցները սկսեցին պնդել, որ բրիտանացի փաստաբանը հայկական ծագում ունի։

 

«Քլունին հերքեց այս մեղադրանքները և նա իրականում լիբանանցի է, սակայն Լիբանանում առկա է հայկական մեծ սփյուռք, այնպես որ, Բաքվի համար այս ամենը հանդես է գալիս միասին։

 

Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցներին հատկապես բարկացրել է Ամալ Քլունիի փորձերը՝ Իսմայիլովայի համար աջակցություն ձեռք բերել Վաշինգտոնում։ Քլունին BBC-ին ասել էր, որ հավատում է, որ միջազգային ճնշումը կարող է օգնել ազատ արձակել լրագրողին»,- գրում է կայքը։

 

News.az կայքում հետազոտող Հուսեյնովն էլ գրել էր, թե հայերը վճարել են Քլունիին, որպեսզի նա գնա Վաշինգտոն և Սպիտակ տանն ու Կոնգրեսին տրամադրի ընդդեմ Ադրբեջանի։

 

«Իսկ թե որքան հեռուն կգնան Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցներն այս հարցում միջազգային հայկական դավադրության պնդումներով, դեռ պարզ կլինի»,- գրում է կայքը։