Որքան էլ խոսենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին, միևնույն է՝ հասկանում ենք, որ համենայն դեպս այս փուլում դա հնարավոր չէ, մանավանդ սեղանին դրվում են իսկապես անիրագործելի հարցեր, այսինքն՝ այլ և ավելի ադեկվատ հակառակորդի դեպքում՝ այդ հարցերն իրագործելի կլինեին, բայց մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, որը հեռու է ադեկվատությունից: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է այն 3 պայմանները, որոնց՝ Ադրբեջանի կողմից կատարման դեպքում Հայաստանը կգնա բանակցությունների: Դրանք են՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա ագրեսիայի և նոր ահաբեկչության Արցախի ժողովրդի նկատմամբ: Ինչպես տեսնում ենք, սրանք կետեր են, որոնք Ադրբեջանը պարզապես ի վիճակի չէ իրագործելու և մենք նորից մտնում ենք փակուղի. հարցի խաղաղ լուծումն այս պահին իրատեսական չէ:
Փաստացի վերջերս ունեցանք հերթական բանավոր պայմանավորվածությունը հրադադարի մասին, որն Ադրբեջանն ընդամենը մի քանի օր կարողացավ պահել, հետևաբար չկա որևէ երաշխիք, որ հաջորդ պայմանավորվածությունների դեպքում նույնպես մեր թշնամին մի քանի օրից երկար կարող է դիմանալ՝ առանց դրանք խախտելու: Հետևաբար հօդս են ցնդում նաև բոլոր գործընկեր պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններն այն մասին, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Փաստացի, Ադրբեջանը այլ տարբերակ չի թողնում, և Սերժ Սարգսյանն էլ 3 կետերի մասին խոսելիս, կարծես թե, դա էլ հենց հասկացրեց, որ նման գործելաոճի դեպքում Հայաստանին ուրիշ ոչինչ չի մնում, քան ոչ ադեկվատ հակառակորդին դաս տալը, պատժելը, բոլոր հարվածներին պատասխանելն ու տասնապատիկ կորուստներ ու վնասներ պատճառելը: Սա նաև, ես կասեի, մեսիջ էր միջազգային հանրությանը և գործընկեր պետություններին ու միջազգային կառույցներին առ այն, որ սա է այսօր միակ ճանապարհը, որ Ադրբեջանն այլ լեզու հասկանալու ունակ չէ և նրան պետք է հասկացնել, պարտադրել, որ հասկանա, իսկ այս ճանապարհից խուսափելու համար միջազգային կառույցներն էլ պետք է իրենց հայտարարություններն սկսեն կոնկրետ հասցեագրել, հրադադարի մասին կոչերն էլ ուղղել Ադրբեջանին:
Կարեն Վարդանյան