Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը չի կարող վերջնական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այլ ընդամենը խնդիրը նոր փուլ կտեղափոխի: Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: «Դա կլինի մի փուլ, որտեղ Ադրբեջանն ինչ-որ իմաստով կստանա այն մոտեցումը, որը միշտ ցանկացել է: Այսինքն՝ ԱդրѢեջանը դա կհամարի բանակցային գործընթացի ավարտ, քանի որ կարգավիճակը հայաստանյան կողմից որոշվել է, և իրենց խնդիրն է լինելու՝ ինչպես գործել նման պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարովը:

 

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում Ադրբեջանի քայլերից մեկը կարող է լինել պատերազմի վերսկսումը:

 

Նրա խոսքով՝ շփման գծում կրակի ինտենսիվությունը շարունակվելու է, իսկ բանակցային գործընթացը ժամանակավորապես դադարելու է: «Խոսքը գնալու է նրա մասին, թե որքանով այլ արտաքին դերակատարները կարող են կարգի հրավիրել Ադրբեջանին և կողմերին բանակցային սեղան վերադարձնել և ինչպիսին է լինելու այդ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը»,- ասաց քաղաքագետը:

 

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­քի նախագիծը: Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում: Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»: Միաժամանակ, ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: