ՀՀ և ԼՂՀ իշխանությունները գործում են հաստատակամ և վստահ, իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա վիճակը. սրանք այն խոսքերն են, որոնք եթե լսենք ՀՀԿ-ի ցանկացած ներկայացուցչի կամ պետական պաշտոնյայի կողմից, բնավ չենք զարմանա: Բայց իրականում այս խոսքերի հեղինակը վերջին տարիներին Հայաստանի երբեմնի ամենաարմատական ընդդիմադիր ուժը հանդիսացած՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Եվ սա արդեն նախորդ անգամվա նման հանդիպման մասին պատմել չէ, որը բացատրվեց իբրև թե միասնության անհրաժեշտությամբ, սա արդեն կոնկրետ գնահատական է, վերաբերմունք, և սա արդեն այլ վերաբերմունք է՝ փոփոխված: Սա, ըստ իս, նշանակում է փոփոխության նախանշան մեր ներքաղաքական դաշտում, ուժերի հնարավոր վերադասավորման, նոր բևեռների ստեղծման նախանշան:

 

Ես սա չեմ կապում միասնության գաղափարի հետ, որովհետև այդ գաղափարի տրամաբանությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է փոխեր իր վերբերմունքը նաև Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, սակայն դա չեղավ: Առաջին նախագահը ցանկացավ «միասնական» լինել միայն երրորդ նախագահի հետ, սակայն ոչ երկրորդի: Երկրորդն էլ իր հերթին չցանկացավ «միասնական» լինել առաջին ու երրորդ նախագահների հետ: Արդյունքում՝ մի կողմում ունեցանք առաջին ու գործող նախագահներին, մյուս կողմում՝ երկրորդ նախագահին՝ մեկուսացած վիճակում, և այս կողմերի միջև կա զգալի հակասություն:

 

Այս հնարավոր վերադասավորումը կարող է ձեռնտու լինել նաև իշխանություններին, որովհետև գտնվելով Ռուսաստանի ակնհայտ ճնշման ներքո՝ գործող իշխանություններն իրենց թույլ զգալով պետք է որ ունենան աջակցության կարիք, խոսքս հենց ներքին աջակցության մասին է: Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցությունն այս պարագայում այնքան էլ ձեռնտու տարբերակ չէր լինի, որովհետև Քոչարյանն ինքը Ռուսաստանի իշխանությունների ազդեցության տակ գտնվող, նաև համապատասխան կապեր ունեցող գործիչ է և կարող էր իր առանձին խաղը տանել: Իսկ դա գործող իշխանություններին պետք չէ, մանավանդ որ նրանք այսօր Ռուսաստանի ճնշումը թուլացնելու նպատակով փորձում են նաև կաւրգավորել հարաբերություններն ու սերտացնել շփումները Արևմուտքի հետ և այդպիսով փորձել վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն: Եվ այս ճանապարհին Քոչարյանի հնարավոր ակտիվացումը բնավ տեղին չէր լինի իշխանությունների համար, իսկ նրա մեկուսացումը միայն ձեռնտու է: Փաստացի այդպես էլ եղավ՝ երրորդ ու առաջին նախագահները մեկուսացրին երկրորդ նախագահին:

 

Կարեն Վարդանյան