ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել երեկ տեղի ունեցած «Analitik.am» կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության եւ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
«Տղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսեւորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները բավարար են եզրակացության համար:
Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ մարդ պետք է օգտվի իր իրավունքների պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, եւ այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել:
Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, եւ դրա մասին այսօր մամուլում հայտարարում եւ համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը:
Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, եւ նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելեւս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք' Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ: