Դավութօղլուի վերջին հայտարարությունը՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու հետ, լայն արձագանք է գտել վերլուծաբանների ու քաղաքագետների շրջանում. շատերն այն համարել են չարագույժ ու լի անկանխատեսելի հետևանքներով: Ըստ մեզ ևս՝ Դավութօղլուի հայտարարությունը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, քան պարզապես Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ պայքարն է. Սիրիա ցամաքային զորքեր մտցնելն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ, ու Թուրքիան, պարզ է, որ սիրիական հողում պայքարելու է ոչ այնքան ասադական զինուժի, որքան՝ ռուսական բանակի դեմ:Փաստորեն՝ ամենահոռետեսական կանխատեսումները՝ կապված Ռուսաստան-Թուրքիա հնարավոր բախման հետ, հետզհետե իրականություն են դառնում, ինչը, բնականաբար, չի կարող անհանգստացնող չլինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով Կովկասում ստեղծված այն ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակը, որ իշխող է այստեղ հատկապես վերջին շրջանում. Ռուսաստանի դեմ կովկասյան ճակատի բացումը այլևս ժամանակի հարց է և այն էլ՝ շատ կարճ ժամանկի, և, ինչպես արդեն իսկ հասկանալի է, ճակատն այդ լինելու է Ղարաբաղը, ուր քառօրյա պատերզամում չկարողանալով հասնել իր համար ցանկալի արդյունքների՝ Թուրքիան ու Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում են գործողությունների երկրորդ փուլին. հայ-ադրբեջանական սահմանին թշնամական զորքերի կուտակումներն ու արդեն զորավարժությունների սկսումը դրա փայլուն ապացույցն են:



Իսկ այն, որ աշխարհը իր լուռ համաձայնությունն է հայտնում ապագա հայ-ադրբեջանական բախմանը, երևում է հենց Մինսկի խմբի վարքագծից, որը, «տարօրինակ» զուգադիպությամբ լռություն է պահպանում՝ վարանելով իրերը կոչել իրենց անուններով ու հստակ կերպով մատնանշել ագրեսորին: Ավելին՝ չի բացառվում, որ մոտ ապագայում Ռուսաստանի շուրջ օղակն է՛լ ավելի սեղմվի ու այս երկիրը ստիպված լինի պատերազմի մեջ ներքաշվել ոչ միայն Ուկրաինայում ու Կովկասում, այլև Միջին Ասիայում, ուր իրավիճակը ևս հեռու է կայուն համարվելուց:

 

 

Բայց այս ամենում անհասկանալի է մնում Ռուսաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած բարի վերաբերմունքի առեղծվածը, երբ զենք են վաճառում ու ժամանակակից սպառազինությամբ զինում իրենց ռազմաքաղաքական մրցակցին՝ ընդդեմ իրենց աշխարհաքաղաքական դաշնակցի. ո՞րն է, գրո՛ղը տանի, այդ ամենի իմաստը: Մի՞թե կրեմլն այնքան միամիտ է, որ կարծում է, թե իր այդ քայլերով կարղ է սիրաշահել Ալիևին ու իր ազդեցության գոտի վերադարձնել Ադրբեջանին: Եթե նման կերպ մտածողներ, այնուամենայնիվ, ռուսական էլիտայում կան, ապա ակնհայտորեն նրանք իրենց տեղում չեն գտնվում, իսկ եթե գիտակցում են, ապա ինչո՞ւ չեն դրսևորում ադեկվատ վարքագիծ ու Ալիևին հասկացնում, որ կտրուկ շարժումների դեպքում նա կբախվի Պուտինի բազկին:

 

 

Պարզ է մեկ բան՝ Ռուսաստանի շուրջ հրե օղակը հետզհետե է՛լ ավելի է սեղմվում, ինչը վտանգավոր կարող է լինել ոչ միայն բուն Ռուսաստանի, այլև դրան հարող երկրների համար, իսկ այն, որ աշխարհի կողմից Հայաստանը դիտարկվում է որպես այդպիսին, որևէ մեկի համար գաղտնիք չէ:



Դավիթ Բաբանով