Հայաստանը կարող է Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ Ռուսաստանի առևտրի համար հանգույց և տարանցիկ կետ դառնալ: Նման կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում:

 

 

«Հայաստանի շուկան բավականին փոքր է: Այն կարող է հանգույց և տարանցիկ կետ դառնալ Իրանի, Վրաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ առևտրի համար: Ամենակարևորն, իհարկե, Իրանն է»,- ասել է նա:

 

 

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքը տարանցման համար օգտագործելու հետաքրքրությունը մեծ է, բայց տրանսպորտային լոգիստիկայի կազմակերպման դժվարությունների հետ կապված խնդիր կա:

 

 

«Պետք է կառուցել դեպի Իրան երկաթուղային ճանապարհը և ավարտել դեպի Ռուսաստանի երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածը: Կան մի շարք քաղաքական հարցեր, որոնց լուծմանն է սպասում բիզնեսը»,- ասել է Բաբկոն: