Խորհրդարանը չորրորդ անգամ քննարկում է «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը մոտ 510 մլն դրամ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի այս հսկան փրկելու:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ նախարարը շնորհակալություն հայտնեց առանց բացառության՝ ընդդիմության, թե դիմության պատգամավորներին, ովքեր կողմ էին քվեարկել այս գործարանին արտոնություններ տալու համար:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախագիծը ոչ մի փոփոխության չի ենթարկվել նախորդ ներկայացումից հետո:
«Կառավարությունն ընդառաջ է գնացել գործարանի միակ բաժնետեր «ՎՏԲ Հայաստան» բանկի առաջարկին՝ գործարանը վերագործարկելու, զինելու և նաև հետագա գործունեությունը կազմակերպելու նպատակով ազատել գործարանին հարկերի գծով առաջացած տույժերից: Թե՛ մամուլում, և թե՛ առանձին քաղաքական գործիչների կողմից սխալ է ներկայացվում, թե իբր հարկերից է ազատվում, ոչ, չկա նման բան: Ազատվում է միայն հարկերի ուշացման համար հաշվարկված տույժերից, և վերաբերում է փետրվարի 1-ի դրությամբ: Այլ որևէ արտոնություն նախագծով սահմանված չէ: Սա շանս է, որ գործարանը չլիկվիդացվի և պահպանվի 470 աշխատատեղ, որն ընդամենը մեկ հոսքագծի աշխատանքի արդյունք է: Այս պահին գործարանի երկրորդ հոսքագիծը չի շահագործվում»,- ասաց նախարարը: