«Ապրիլյան պատերազմի սկսումից օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե ինչ չափի դիրքային կորուստ ունենք։ Մենք զարհուրեցինք, չէինք պատկերացնի, որ այդքան տարածքային կորուստ ենք ունեցել։ Մենք հորդորել ենք ՊՆ-ին, որ հանրությանը ճշմարտությունը ասեին։ Ես հիմա հայտարարում եմ՝ հյուսիսարևելյան (Թալիշի) հատվածում ունենք 7 մլն մետր քառակուսի տարածքի կորուստ, կրկնում եմ՝ 7 մլն քառակուսի մետր։ Այսինքն՝ 7 կմ քառակուսի մասին է խոսքը, այնինչ իշխանությունները խոսում էին 500 մետր քառակուսու մասին»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների ներկայացրած թվերը, թե մենք ունեցել ենք մի քանի հարյուր մետրի տարածքային կորուստ, ծիծաղելի է ու սուտ։ «Մենք պետք է վերադարձնենք այդ տարածքային կորուստները, հակառակ դեպքում մեր զոհերի արյունները ջուրն է լցվում։ Մեր բանակը հերթ է կանգնած, մեր զինվորականները։ Մենք ինչքան ուշացնում ենք, այնքան դժվարանալու է մեր գործը և նախկին դիրքային ստատուս քվոն վերականգնելը։ Մեղքը բանակինը չէ, այլ քաղաքական իշխանություններինը, որոնք այդ հրամանը չեն արձակել, չեն հայտարարել տարածքները հետ վերցնելու մասին։ Մենք եթե չասեինք սա, ապա կդառնայինք մեղսակից նրանց։ Իրավիճակից լուծումը հակառակորդը մեզ ցույց է տալիս։ Պարզ է՝ մի ելք է մնացել. հակառակորդին ծնկի բերել, որի համար համազգային մոբիլիզացիա է պետք։ Սակայն, դա տեղի չի ունենում այսօրվա քաղաքական իշխանությունների պատճառով»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց՝ նրանք չէին կարող այդպիսի հաշվարկներ անել. «Հաշվարկեք, տեսեք՝ նման բան հնարավո՞ր էր, հնարավո՞ր էր այդքան տարածք կորցնել, այդքան տարածք կորցնելուց հետո քանի՞ բնակավայր պետք է զիջած լինեինք»։
Հ. Գ. Պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ 1 կմ² հավասար է 1 000 000 մ² կամ 100 հեկտար։ Այս դեպքում ստացվում է՝ 7 մլն մ² հավասար է 7 կմ² կամ 700 հեկտար։ Արցախի Հանրապետության տարածքը 11.458 կմ² է, իսկ Սէֆիլյանի նշած 7 կմ քառակուսի տարածքը կազմում է Արցախի ընդհանուր տարածքի 0,8 տոկոսը։
Ստացվում է՝ ըստ Սէֆիլյանի, քառօրյա պատերազմում հայկական կողմը միայն Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածում կորցրել է Ղարաբաղի մոտ մեկ տոկոսը։ Համաձայնեք՝ անհնար կլիներ հասարակությունից թաքցնել այդքան տարածքների կորուստը։ Նաև հավելենք՝ Ժիրայր Սէֆիլյանի նշած Թալիշի տարածքը կազմում է 6400 հեկտար։ Այլ մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։
Ք. Աղալարյան