Երբ մենք խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, մենք պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ մրցակցային միջավայրը կարող է ձևավորվել շատ արագ: Այս դիտարկումն այսօր կառավարության նիստից հետո ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նախարարը լրագրողներին առաջարկեց վերցնել մի մենաշնորհային ոլորտ և տեսնել, թե ինչպես է առաջացել այդ մենաշնորհը: Որպես օրինակ լրագրողները բերեցին շաքարի շուկան Հայաստանում, որն, ինչպես հայտնի է, կենտրոնացված է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձեռքում:

 

Հարցին, թե շաքարի շուկան այսօր փա՞կ է և պե՞տք է բացվի այդ շուկան, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ ոլորտի վերաբերյալ առանձին ուսումնասիրություն է պետք, և գոնե էկոնոմիկայի նախարարությունը չունի այդ ուսումնասիրությունը:

 

Թե ինչո՞ւ չկա նման ուսումնասիրություն հարցից Մինասյանը հունից դուրս եկավ. «Եթե ձեզ թվում է՝ անընդհատ հարցադրումներով ինձ հունից կհանեք, չի ստացվի, ասաց նախարարը՝ դիմելով լրագրողներին և հավելեց. «Կոնկրետ այս դեպքում, երբ մենք կուսումնասիրենք շաքարի մուտքը և շուկան, այդ ժամանակ կարող ենք գնահատական տալ: Հիմա, օրինակ ձեզ հարցնում եմ՝ քանի՞ սուպերմարկետ կա Երևանում, դուք որպես լրագրող կարո՞ղ եք ուսումնասիրել, մի՞ գնորդից են ձեռք բերում, թե ՞կարող են ներմուծել և եթե կարող են ներմուծել, ապա ինչ խոչընդոտների առաջ են կանգնում:

 

Մինասյանն ասաց, որ այդ ամենից նա տեղյակ չէ, որովհետև այդ լիազորությունն էկոնոմիկայի նախարարության ուղիղ լիազորության մեջ չի մտնում: Երևի նախարարը համոզված է, որ դա լրագրողների ուղիղ լիազորությունների մեջ է մտնում, և մենք պետք է գնանք, օրինակ, «Երևան սիթի» սուպերմարկետից ինֆորմացիա ստանալու, թե որտեղից են ստանում շաքարավազը:

 

Նախարարի խոսքով՝ այս պահին առանձին շուկաների ուսումնասիրության լիազորություն նախարարությունը չունի: