Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով ելույթի սկզբից ցանկացավ հասկանալ՝ արդյոք իրենց ելույթները հետևանք ունենո՞ւմ են, թե՞ ոչ:
Պատգամավորը նկատեց, որ մեր Հանրապետությունում կյանքը շատ արագ փոփոխությունների է ենթարկվում, բայց արդյոք Վերահսկիչ պալատը համարժեք արձագանքո՞ւմ է այդ փոփոխություններին.
«Դուք ստուգո՞ւմ եք պետական կառավարման մարմինների գործունեությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը պետական ծառայություն մատուցող մենեջերների որակն է, կա՞ այդ որակը, համապատասխանո՞ւմ է, թե՞ չէ, վերապատրաստվո՞ւմ են, թե՞ չէ, թե՞ մի անգամ նստում են իրենց պաշտոնին ու տենց պետք է գնա: Ըստ իս՝ դրանք քաղաքական պաշտոններ չեն և զուտ մասնագիտական ունակություններ են պահանջում»,- հարց բարձրացրեց պատգամավորը՝ շեշտելով, որ ինքն այդ ոլորտում խնդիրներ է տեսնում:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Մելքումյանը նկատեց, որ Վերահսկիչ պալատի խնդիրներից մեկն է ուշադրություն դարձնել շուկային.
«Տասնյակ տարիներ շահութաբեր շուկայում գործում է մեկ, երկու, երեք սուբյեկտ, սակայն այդ շուկա 4-րդ 5-րդ, 6-րդ սուբյեկտ չի մտնում: Օրենքով արգելված բան չկա, բայց կառավարությունը կամ մենք, կամ դուք պետք է գնահատական տաք, թե արգելք կա՞ այդ շուկա մտնելու համար, թե՞ չկա: Եթե ուժեր կան, դրանք տնտեսական չեն, այլ քաղաքականին մոտ ուժեր են, որ մարդկանց կարգելեն, կասեն՝ դու գործ չունես, այս շահութաբեր ոլորտ մտնես, թե չէ պրոբլեմներ կունենաս: Եթե մենք կարողանանք այս ամենը նկարագրել և խթանել որպեսզի 4,5,6-ը մտնեն շուկա, մենք կունենանք մրցակցային զարգացող տնտեսություն և լռելով դրա մասին՝ բան չի ստացվի»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական որոշում է՝ մենք ուզում ենք մեր երկրում համակարգային փոփոխություններ լինի, թե մենք ուզում ենք կոսմետիկ ինչ-որ բաներ ուղղել, արտաքին դիզայնը հաճելի դարձնել, իսկ մեջը ռաբիս երևույթները մնան: