Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր հրավիրվել է ոստիկանությունում է: Այս մասին Tert.am –ին հայտնեց Ռուբեն Հակոբյանը՝ Գյումրիի 34/36 ըտրատեղամասում տեղի ունեցած մի միջադեպի կապակցությամբ:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ նշված ընտրական տեղամասում եղել է միջադեպ, և Քրեադատավարական օրենսգրքի նորմերին համապատասխան պատգամավորը հրավիրվել է ոստիկանություն՝ պարզաբանումներ ներկայացնելու: Հաղորդվեց, որ միջադեպի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Tert.am –ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանը տեղի ունեցածը մանրամասնեց հետևյալ կերպ. «Ողջ Գյումրիում «Ժողովրդավարական ակադեմիա» անուն ունեցող կազամակերպության անվան տակ դիտորդական առաքելություն են իրականացնում մարդիկ, որոնք ուղղակիորեն խաթարում են ընտրությունների ընթացքը, այն է՝ հայտնում են ինչ-որ տեղեր, թե ովքեր եկան ընտրության և այլն, և հանձնաժողովի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին հակաօրինական գործողություններով են զբաղված: Ես փորձեցի կանխել, իրենք դա վերածեցին էսպես աղմուկ-աղաղակի, այնուհետև հայնտնվեց այդտեղ Սուքիաս Ավետիսյան անուն-ազգանունով պատգամավորը, որը իրավունք չուներ լինել այդտեղ և փորձեց նոր աղմուկ բարձրացնել դրա շուրջ: Վիճաբանություն, իհարկե, տեղի ունեցավ»:
Ի պատասխան հարցի, թե վիճաբանության ընթացքում եղե՞լ է քաշքշուկ, հարված՝ որևէ մեկի կողմից, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ոչ, և մանրամասնեց, որ ուղղակի բարձր տոնայնությամբ խոսակցություն է տեղի ունեցել:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը պնդել է, որ ոստիկանություն հրավիրվի ոչ միայն ինքը, այլև Սուքիաս Ավետիսյանը, ինչը և տեղի է ունեցել: Ռուբեն Հակոբյանը, նշելով, որ կարող էր և չգնալ ոստիկանություն, գնացել և հաղորդագրություն է տվել այն մասին, որ տեղի են ունենում հակաօրինական գործողություններ:
Նշենք, որ ավելի վաղ Yerkir.am–ը հաղորդել էր, որ ահազանգ ստանալով Գյումրիի 34/36 տեղամասում իրականացվող խախտումների մասին՝ Ռ. Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, շտապել էր նշված ընտրատեղամաս և արձանագրել խախտումը: Նույն տեղամասում էր հայտնվել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Այնուհետև, ըստ Yerkir.am-ի՝ երկու պատգամավորների միջև վեճ է ծագել: Արդյունքում' Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: