Մայիսի 17-ի գիշերը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Դա այս տարի երկու պետությունների առաջնորդների անձնական առաջին շփումն է, ինչը տեղի ունեցավ 1994 թվականից հետո ԼՂ շփման գծում տեղի ունեցած ամենամասշտաբային ռազմական դիմակայությունից հետո, ինչը նոր ինտրիգ ստեղծեց Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացում: «Коммерсантъ»-ի հարցերին պատասխանած փորձագետները կարծում են, որ քաղաքական կարգավորման հեռանկարները կախված կլինեն նրանից, թե Վիեննայի հանդիպումը կդառնա՞ արդյոք նախաբան բարձր մակարդակով բանակցությունների վերսկսման համար, որոնց մասին Մոսկվան հայտարարել էր դեռ ապրիլին:

 

 

Ավստրիայի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու Հարավային Կովկասի ճգնաժամերի քննարկման համար բանակցային գլխավոր հարթակ դարձնելուն նպաստել է ոչ միայն ժամանակային առումով համընկած Սիրիայի ու Լիբիայի վերաբերյալ բազմակողմ բանակցությունների անցկացումը, այլև Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

 

 

Նրանց անձնական շփման հեռանկարը մինչև վերջին պահը մշուշոտ էր թվում՝ հաշվի առնելով հայ առաջնորդի ոչ վաղեմի արտահայտությունները, որը տարակուսանք էր հայտնել Մոսկվայի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև բարձր մակարդակի բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին:

 

 

Վիեննա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի ժամանումից քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոր հայտարարություն արեց՝ խոստանալով «Բաքվի վերահսկողության տակ վերադարձնել Ղարաբաղում կորսված տարածքները»:

 

 

Եվ այնուամենայնիվ, 1990-ական թվականներից ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանց հատուկ հաջողության մայիսի 12-ին տարածեցին համատեղ հայտարարություն՝ հիշեցնելով բանակցային սեղանի շուրջ անհապաղ վերադառնալու անհրաժեշտության մասին՝ քննարկելու համար ԼՂ խնդրի երեք կետերը՝ հրադադարի ամրապնդում, բարձր վստահություն ու խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցում:

 

 

Վիեննայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով պայմանավորվեցին Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հովանու ներքո տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների մասին, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման և հունիսին վերստին հանդիպելու շուրջ՝ նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորման մասին բանակցությունները:

 

 

Ընդ որում՝ դեռ անհայտ են մնում նախագահների թե՛ հաջորդ հանդիպման ստույգ ժամկետը, թե՛ տեղը: Եվ եթե հանդիպման արդյունքներով Սերժ Սարգսյանը հայտարարություն տարածեց, ապա Իլհամ Ալիևի կողմից պաշտոնական հայտարարություն չհնչեց:

 

 

«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն թերթի հետ զրույցում հայտարարել է. «Գոյություն ունի բավական զգուշավոր լավատեսություն, այն է՝ ավելի մեծ արյունահեղությունից խուսափելու ցանկություն: Այդպիսի մոտեցում են ցուցաբերում ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ հակամարտող կողմերը»:

 

 

Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի փորձագետը ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցում Երևանի ու Բաքվի միջև պահպանվող արմատական տարաձայնություններին՝ հավելելով, որ բանակցություններում հերթական ձախողումը կարող է հանգեցնել ճակատում հերթական սրացման:

 

 

Հայ քաղաքագետ, Երևանում գործող Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը թերթի հետ զրույցում Վիեննայի հանդիպման նպատակների թվում նշել է կողմերի միջև վստահության վերադարձն ու սահմանին լարվածության անկումը:

 

 

Մինասյանը, ինչպես և Վելիզադեն, հանդիպման արդյունքների հանդեպ իր վերաբերմունքը որակել է որպես «շատ զգուշավոր լավատեսություն». «Ապրիլյան սրացումից հետո Ադրբեջանը գուցե ֆորմալ, բայցևայնպես պատրաստակամություն է հայտնել սկսելու առարկայական քննարկում: Եթե մեկ ամսվա ընթացքում՝ մինչև նախագահների հաջորդ հանդիպումը, գործարկվի վստահության միջոցների հաստատման մեխանիզմը, հնարավոր կլինի խոսել իրական բանակցային գործընթացի մեկնարկի մասին»: Հայ փորձագետը հավելել է, որ բուն գործընթացը կարող է տևել տարիներ, եթե չասենք՝ տասնամյակներ:

 

 

Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում բեկման մասին խոսելը դեռ վաղ է։ Նա նշել է, որ հակամարտության սառեցումը դեռ կայուն չէ, սակայն, նրա կարծիքով, խնդիրը լուծելու դիվանագիտական փորձերը կշարունակվեն: