Մի շարք ընդդիմադիրներ ու ընդդիմության շատ համակիրներ, երբ քննադատություն են տեսնում իրենց սիրելի գործիչներից ոմանց հասցեին, ովքեր ռազմական անցյալ են ունեցել, հաճախ են սիրում մեջբերել «կռված տղա» արտահայտությունը՝ ասելով, թե այսինչին մի քննադատեք, մի ծաղրեք ու վիրավորեք, որովհետև նա կռված տղա է: Շատ լավ է, որ կռված տղաներ ունենք քաղաքական դաշտում, նաև ընդդիմության մեջ, բայց այդ դեպքում ինձ մի հարց է հետաքրքրում, թե ինչո՞ւ այդ «կռված տղաներին չքննադատել» սկզբունքը չի տարածվում նաև իշխանական թիմում գտնվողների վրա:

 

Օրինակ, տեսնում ենք, թե հատկապես վերջին օրերին ինչ տեղեկատվական գրոհ է սկսվել գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ. մի կողմից Վահան Բադասյանն է մի բան ասում, և ընդդիմության բազմաթիվ համակիրներ սկսում են ոգևորությամբ զօրուգիշեր դա տարածել համացանցում, մյուս կողմից էլ ակտիվանում են որոշ «վտարանդիներ», «ֆեյքեր»՝ խիստ կասկածելի ծագումնաբանությամբ և գտնվելու անհայտ վայրով, որոնք սկսում են ինչ-որ հին տեղեկություններ տարածել Գրիգորյանի ու մյուսների մասին: Բայց չէ՞ որ նրանք էլ կռված տղաներ են՝ անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում Գրիգորյանին կամ իշխանական թիմի մեկ այլ ներկայացուցչի, և եթե պետք է շարժվենք «կռված տղաներին չքննադատել» սկզբունքով, ուրեմն հանուն արդարության այդ սկզբունքը պետք է տարածվի բոլորի վրա, կամ էլ՝ եթե քննադատության ենթակա են բոլորը, ուրեմն, ասենք, Ժիրայր Սեֆիլյանի կամ Վահան Բադասյանի հասցեին հնչած քննադատությունները չպետք է ջղաձգության մեջ գցեն ընդդիմության մի շարք համակիրներին, կամ էլ գոնե իրենք իրենց այդ ջղաձգությունը չպետք է ագրեսիվ ձևով արտահայտեն:

 

Քննադատություններն էլ, ըստ իս, պետք է հիմնված լինեն միայն փաստերի վրա, այլ ոչ թե ինչ-որ ասեկոսեների, կամ «ֆեյքերի» կողմից տարածված զրպարտանքների, որոնց հավաստիությունը հաստատված չէ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս օրերին ոչ թե տանը նստած, այլ սահմանին եղած գործիչներին, որոնց թվում են նաև Մանվել Գրիգորյանն ու Վանահ Բադասյանը, ինչ-որ ասեկոսեների ու կասկածելի գրառումների հիման վրա զրպարտելը, պախարակելը, մեղմ ասած, տեղին չէ, քանի որ դա համարժեք է ստացվում Haqqin.az-ին հերթական «նյութը» տալուն:

 

Կարեն Վարդանյան