Ժուռնալիստիկայի միջազգային կենտրոնը (İCFJ-International Center for Journalists) Նյու Յորքում հայտարարել է Knight International Journalism Award հեղինակավոր ժուռնալիստիկայի պարգևի հաղթողներին, որոնց թվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի սեփական ժողովրդից գողացած հարստությունը հետազոտած լրագրող Միրանդա Պատրուչիչը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է ICFJ-ի մամուլի տեղեկագրում:

 

Պարգևը տրվել է Բոսնիայից և Մեքսիկայից հետազոտող լրագրողներին: Հաղթողների թվում է նաև Սարաևոյում աշխատող լրագրող Միրանդա Պատրուչիչը, ով հայտնի է որպես Ադրբեջանում և Ուզբեկստանում վերնախավի կոռուպցիոն գործունեության բացահայտող:

 

«Հենց այս լրագրողներն են բարձր մակարդակի պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության իրենց բացահայտումներով փոխում աշխարհը»,- հաղթողներին հայտարարելու ժամանակ ասել է ICFJ-ի նախագահ Ջոյս Բարնաթհանը:

 

Պարգևի արժանացած Միրանդա Պատրուչիչը լրագրողներին ասել է, որ և՛ երջանիկ է, և՛ խիստ մտահոգ, մտահոգ է, քանի որ իր գործընկեր և Ալիևների կոռուպցիոն գործունեության բացահայտման գլխավոր հերոս Խադիջա Իսմայիլովան բանտ է նետված:

 

«Խադիջա Իսմայիլովայի գործունեությունը խոչընդոտված է: Ադրբեջանում իշխող Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործողությունները բացահայտելու համար նա 2014 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է և մինչ այժմ գտնվում է բանտում»,- ասել է Միրանդա Պատրուչիչը:

 

Foreign Policy հանդեսը Ադրբեջանում շինծու մեղադրանքներով և քաղաքական դրդապատճառներով դատապարտված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային մտցրել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցուցակ:

 

Amnesty International-ը և այլ միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են «խղճի դատապարտյալ»: