Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո արդեն 25 տարի է՝ գործում են անվճար երթուղիներ: 

 

Աբովյան-Երևան, Չարենցավան-Երևան երթուղիները սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը, նույն ինքը՝ Պալաչը, իր ընկերության սնանկացման և բիզնեսի ձախողման պատճառները, չգիտես ինչու, կապում է հենց այս՝ անվճար երթուղիների գոյության հետ:

 

Այս թեմայով՝ Իվետա Տոնոյանի մեկնաբանությունըԼՈՒՐԵՐ.com-ին.

 

«Գիտեք՝ ինձ թվում է, որ Արթուր Հարությունյանի զառանցանքներին վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերում, և սա ավելի շատ հոգեբանների ու հոգեբույժների համար ուսումնասիրության հարուստ նյութ կարող է լինել, թե ինչու է մարդը սեփական անհաջողություններն ու տապալումներն անընդհատ փորձում բարդել ուրիշ մարդկանց վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, որ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու ուրիշ հնարավորություններ չունենալով և բացառապես սեփական անունը հեղինակություն ունեցող այլ մարդկանց անունների կողքին շահարկելով՝ Արթուր Հարությունյանը հուսահատ փորձեր է անում, բայց պետք է արձանագրեմ, որ դրանք խիստ ապարդյուն են ու անպտուղ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրա ղեկավարած ընկերությունը սնանկ է ճանաչվել սխալ կառավարման ու մենեջմենթի արդյունքում և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի երթուղիները դրա հետ ոչ մի կապ չունեն, քանզի դրանք գործում են 15 տարուց ավելի և շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն ունի դրա անհրաժեշտությունը: Նույն Արթուր Հարությունյանը ընդամենը որոշ ժամանակահատված առաջ բարձրաձայնում էր բարեգործական երթուղիների անհրաժեշտության մասին և ներողություն էր խնդրում Գագիկ Ծառուկյանից իր արարքների համար, և ինչ-որ բան ինձ հուշում է, որ կարճ ժամանակ անց նա հերթական անգամ շտապելու է հայցել Գագիկ Ծառուկյանի ներողամտությունը այսօր թույլ տված իր սխալների ու արտահայտությունների համար»,- ասաց Իվետա Տոնոյանը: