ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին արգելվել է մուտք գործել Ուկրաինա, հայտնում է «112 Ուկրաինան»՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության ծառայությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Sunday Times-ին տված հարցազրույցում աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հանդեպ գործողություններին:
Նա ասել է, որ Պուտինի տեղը լինելու դեպքում նույն կերպ կվարվեր: «Ես միշտ ժողովրդի կամընտրության կողմնակից եմ, իսկ Ղրիմում մեծ մասը ցանկանում էր միանալ Ռուսաստանին»,- թերթը ներկայացնում է Գորբաչովի խոսքերը:
«Միակ պատճառը, որի դեպքում ես չէի գործի այնպես, ինչպես Պուտինը, եթե դեռ լինեի իշխանության գլուխ, այն է, որ Խորհրդային Միությունը կշարունակեր գոյություն ունենալ, ու Ղրիմը կլիներ դրա մասը»,- խոսքը շարունակել է Գորբաչովը:
Ի պատասխան՝ Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կձգտի փակել Եվրոպա մուտքը Գորբաչովի համար, որը հավանության էր արժանացրել Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը:
Մեկնաբանելով Եվրոպա իր մուտքը փակելու Ուկրաինայի առաջարկը՝ Գորբաչովն ասել էր, որ չի միջամտի դրան, իսկ Ուկրաինա չի գնացել ու չի էլ գնա: