Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիսի) հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանի կյանքը Թուրքիայում վտանգի տակ է: Ընդհանրապես, Թուրքիայում ապրող, առաջին հերթին' ապրուստի միջոց վաստակելու նպատակով այնտեղ աշխատանքի գնացած հայերի կյանքն է վտանգի տակ, բայց Գարո Փայլանինը' նամավանդ…
Գարո Փայլանը շատ համարձակ վարք է դրսևորում, հաճախ է ասում ճշմարտությունը հրապարակային միջավայրում, այդ թվում նաև' ԶԼՄ-ներով, հայտնի է Թուրքիայում մարդու ոտնահարված իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին իր հրապարակային ելույթներով, Եվրոպայում և Թուրքիայում քանիցս ներկայացրել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ռիսկային վիճակը, նույնիսկ համարձակվել է դատի տալ «Գորշ գայլերի» Կարսի երիտթևի առաջնորդին, մտահոգությունն է հայտնել, որ Էրդողանը, նրա վարչակարգը փորձում են վերացնել խորհրդարանական համակարգը, իսկ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ կարող են այսպիսի բաները ներել: Նա, Աստված մի արասցե, կարող է արժանանալ Հրանտ Դինքի ճակատագրին:
Չմոռանանք, որ Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին էլ նախապես հայտնի էր, նա նույնիսկ նախազգուշացումներ ու սպառնալիքներ էր ստացել, այդ ամենը հայտնի էր նաև Թուրքիայի իրավապահներին, ինչը, սակայն, չկանխեց Դինքի սպանությունը: Ի վերջո, Թուրքիան այն պետությունն է, որտեղ փորձում են լռեցնել ընդդիմությանը, իշխանության դեմ ծանրակշիռ ելույթներով, քաղաքական լուրջ քայլերով հանդես եկող անձանց գործերով արդարադատությունը բացակայում է, նրանց հաճախ պարզապես վերացնում են:
«Թուրքիայում մարդիկ պատմություն չգիտեն, նկատի ունեմ՝ մեր պապերի, իրենց պապերի պատմությունը, կամ էլ նախընտրում են քողարկել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գարո Փայլանը և հավելել, որ Թուրքիայում մարդիկ հայերին դավաճաններ են կարծում:
Եվս մեկ մեջբերում Գարո Փայլանի ասածը ներկայացրած «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումից.
«Թուրքիայում մարդիկ կարծում են, թե հայերը դավաճաններ էին, և այդ պատճառով նրանց աքսորեցին դեպի սիրիական անապատ, մինչդեռ հայերն իրենց նման այս հողերի հնագույն ժողովուրդն էին, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող արմատներ ունեն»։
Եթե ռադիոկայանը պատգամավորի խոսքը չի աղավաղել, ապա, ինչպես ակնհայտ է, հայազգի պատգամավորը, թերևս ոչ թե պատմական իրողությանն անտեղյակ լինելու, այլ սեփական անձի անվտանգությունն ապահովելու նկատառմամբ, այս դեպքում կոպտորեն մեղանչել է ճշմարտության դեմ' թուրքերին ևս, հայերի հետ միասին, այս հողերի (Սեբաստիայի, Մալաթիայի, ընդհանրապես, Արևմտյան Հայաստանի) հնագույն ժողովուրդ ներկայացնելով, սակայն դա նրան դժվար թե փրկի թուրք ազգայնականներից. «Գորշ գայլերն» այդպիսի բաներով չեն խաբվում, պատահական չէ նրանց անվանումը…
Մեկ ամիս դեռ չի անցել այն օրվանից, երբ Գարո Փայլանն իր ոչուբարով գործընկեր հանդիսացող պատգամավորների, ավելի ճիշտ, թուրքերի ոհմակի («ոհմակ» բառն եմ գործածում, որովհետև 10-15 հոգով մեկ մարդու վրա էին հարձակվել ) ֆիզիկական հարձակմանը ենթարկվեց հենց Թուրքիայի խորհրդարանում (խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում), ուր նա, թվում է, թե պետք է առավել պաշտպանված լիներ, քան այլուր: Հետագայում հայ պատգամավորը հայտնել է, որ հարձակումը նախապես պլանավորված է եղել, 10-15 հոգու կողմից ծրագրված, որոնք իրեն թիրախավորել են, մինչ հարձակումը պատգամավորներից ոմանք նույնիսկ միմյանց ձայն են տվել՝ «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: Հայ պատգամավորն հայտնել է նաև, որ իրեն Լինչի դատաստանի են ենթարկել, և այդ նախաձեռնության պատճառը եղել է այն, որ ինքը հայ է և հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Անդրադառնալով մայիսի 2-ին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորների կողմից իր դեմ կազմակերպված հարձակմանը, Գարո Փայլանն ասել է. «Մի շարք պատգամավորներ միանշանակ նախապես ծրագրված կերպով շարժվեցին ինձ վրա: Ես ուղղակի թիրախի վերածվեցի ու 20-30 վայրկյանի ընթացքում շուրջ 100 բռունցքի ու ոտքի հարված ստացա: Այնուհետև իմ դեմ ուղղված ազգայնամոլական հայտարարություններ, ատելության արտահայտություններ հնչեցվեցին»:
Հիշենք, որ դրանից առաջ' ապրիլի 21-ին, Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Հայոց ցեղասպանության մասին ելույթի շրջանակում հայտարարել էր, որ 1915թ. Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի 7 հայ պատգամավորների կոտորածը հետաքննելու նպատակով անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել: Պատգամավորի այս ելույթից հետո սկսվել են նրա նկատմամբ հետապնդումները: Այս կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի օգտատեր Աշոտ Ասատրյանն իր էջում «Գարո Փայլան՝ շակալներով շրջապատված առյուծը» վերտառության ներքո գրել է.
«Ցեղասպանությունից 101 տարի անց թուրքիայի մեջլիսի պատգամավոր, հայազգի Գարո Փայլանը հայելի դրեց թուրք պատգամավորների և ժողովրդի դիմաց: Անցյալի հայելին ցույց տվեց նրանց անցած արյունոտ ճանապարհը, այդ ամենից շակալները բորբոքվեցին և արդեն կանխատեսելի էր, թե ինչ պետք է կատարվի: Այս պատգամավորները ապացուցեցին, որ ժամանակը անզոր է թուրքի դեմ, որ տարիներ անց թուրքը նույն արնախում գազանն է, տարիներ անց թուրքը պատրաստ է ոհմակով հարձակվել մեկի վրա: Թուրք պատգամավորները մի քանի անգամ կռիվ ստեղծեցին Գարոյի հետ, փորձելով ճնշել նրան, բայց նրանց փորձերը անհաջողության են դատապարտված: Թուրքերը կարող են հիշել նաև իրենց առաջնորդ Աթաթուրքի ասած բառերը՝ եթե տարիներ հետո, թեկուզ մեկ հայ ողջ մնա, ուրեմն մենք ձախողվել ենք: Հայերը ոչ միայն ողջ են, այլ նաև կարողանում են Թուրքիայի մեջլիսը իրար խառնել ու այնտեղ ձայնի իրավունք ունեն, նրանք կարողանում են հայելի դնել թուրք ժողովրդի դիմաց»:
Եթե չասեմ Էրդողանն ու նրա վարչակարգը, ապա թուրք ազգայնականները սա դժվար թե հանդուրժեն:
Թուրքիայի ազգային մեծ ժողովը մայիսի 20-ին, ինչպես արդեն հայտնի է, ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացրած սահմանադրական փոփոխության առաջարկը, որով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվում են այն պատգամավորները, որոնք ակտիվ են եղել, և որոնց ակտիվության պատճառով դատական մարմինների կողմից նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացվում: Նշված առաջարկն ասպարեզ է բերվել հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով:
Այդպիսով, թուրքական իշխանությունների կողմից վերացվում է ընդդիմադիր կուսակցությունների շուրջ 100 պատգամավորի անձեռնմխելիությունը: Գարո Փայլանն ավելի վաղ կարծիք է հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությունն ուղղված է իր և իր կուսակիցների դեմ, այդ փոփոխությամբ հնարավոր կդառնա քրդամետ ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորների դեմ դատական գործեր սկսել, դատավճռի արդյունքում իրեն և այլ ընդդիմադիրների նույնիսկ զրկել պատգամավորությունից:
Հատկանշական է, որ ազգային ատելության հիմքով հայ Գարո Փայլանի նկատմամբ կատարված այս հանցանքի մասնակիցների նկատմամբ Թուրքիայի իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել, իրավապահ մարմինները նույնիսկ հետաքննություն չեն սկսել: Դա ակնկալելն ուղղակի միամտություն կլինի, քանի որ հարձակվողներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն են, Թուրքիան էլ, համենայն դեպս հիմա, այն պետությունն է, որը ղեկավարվում է մի հոգու (Էրդողանի) կողմից, այսպիսի հարցերը որոշում է բացառապես նա, իրավապահ մարմիններն այստեղ անկախ չեն, գտնվում են նրա և իշխող կուսակցության վերահսկողության տակ:
Արթուր Հովհաննիսյան