Այս հարցի պատասխանը, անշուշտ, փորձաքննությունը կտա, կտան մասնագետները՝ դիտելուց և ամբողջության մեջ գնահատելուց հետո հետևյալը. երկու երիտասարդ և գրգռված աղջիկներ՝ մեկն ամբողջովին մերկ, մյուսը՝ գրեթե մերկ, փչովի լողատաշտի մեջ նստած, օտարալեզու պարզունակ երգի, երաժշտության հնչյունների ներքո ինչ-որ շշից ջուր են լցնում իրար վրա, ձեռք տալիս, ձեռքերը քսում միմյանց և դիմացինի կրծքերին, սեռական օրգաններին (նաև՝ մերկ), ազդրերին, էրոտիկ շարժումներով սահեցնում դրանց վրայով, իրար հպվում մարմնի այլ մասերով: Աղջիկներից մեկի մերկ հետույքը շարժվում է սեռական ակտին բնորոշ շարժումներով: Ընդ որում, այս ամենը, որ պատկերված է համացանցում հրապարակված տեսանյութում, տեղի է ունեցել ոչ թե լոգարանում, սեփական անկողնում, այլ հասարակական վայր հանդիսացող ակումբում:

 

 

Որ իսկապես ակումբում կամ ակումբի սրահում է տեղի ունեցել, տեսանկարահանվել վերը նշվածը, երևում է, թեկուզ, շրջապատում գտնվող, սփռոցներով ծածկված, մոխրամաններ կրող երեք սեղանների, ինչպես նաև հատակի հատվածում գտնվող, հիմնականում գիշերային ակումբներին բնորոշ թարթող, փոփոխվող գծային լույսերից: Բնականաբար, առաջանում է հաջորդ հարցը՝ իսկ ո՞ր գիշերային ակումբում՝ ամերիկյա՞ն, եվրոպակա՞ն կամ, ինչպես ասում են, վայրի Արևմուտքի՞, թե՞ իր քրիստոնեական անցյալով, քրիստոնեական և ազգային նկարագրով հայտնի մեր երկրի ինչ-որ ակումբում: Պատասխանենք միանգամից և հակիրճ' տեղի է ունեցել, նկարահանվել հենց հայաստանյան, ավելի որոշակի' երևանյան ակումբում: Մի՞ թե արդեն հասել ենք այս օրին…

 

 

Ավելին. համացանցում («Յութուբում») տարածված կամ հրապարակված 40 վայրկյան տևողության վերոնշյալ տեսանյութն ուղեկցված է հենց ELLA NIGHT CLUB (թարգմանաբար՝ «Էլլա» գիշերային ակումբ) խոշորատառ մակագրությամբ, ինչից հասկանալի է դառնում, որ այն հիշյալ գիշերային ակումբի գովազդային տեսահոլովակն է «Յութուբում»: Ի դեպ, «Յութուբում» «Էլլա» գիշերային ակումբի բազմաթիվ գովազդային տեսահոլովակների շարքում կա ևս մեկը՝ ուղիղ 1 րոպե տևողությամբ, որտեղ նույնպես կան, կրկնվում են նախորդ տեսահոլովակից հատվածներ և լեսբուհիներին բնորոշ արարքներ պատկերող կադրեր (օրինակ' 44-րդ, 48-49-րդ վայրկյաններին): Ի՞նչ է՝ ոմանք արդեն այլասերվածության հրապարակային քարոզչությա՞ն են անցել, ի՞նչ է սա, եթե ոչ այլասերվածության հրապարակային քարոզչություն:

 

 

Հայաստանում չի՛ հանդուրժվելու այլասերվածության քարոզչությունը: Եթե ոմանք կարծում են, թե չէին նկատվելու կամ հանդուրժվելու էին այդ այլանդակ կադրերը, ապա չարաչար սխալվում են:

 

 

Ընդգծում եմ՝ թեև Հայաստանի Հանրապետությունում այլասերվածության հրապարակային քարոզչությունը, ցավոք, քրեորեն հետապնդելի արարք չէ, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով («Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը») քրեական պատասխանատվություն է նախատեսված պոռնկագրական նյութերի տարածման համար, իսկ թե վերը նշված, խնդրո առարկա տեսահոլովակները պարունակո՞ւմ են պոռնոգրական կադրեր, համապատասխան փորձաքննության նշանակմամբ կպարզեն ՀՀ ոստիկանությունը (մասնավորապես ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժինը, այսինքն՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը) կամ ՀՀ քննչական կոմիտեն:

 

 

Մեկ այլ խնդիր է, որ վաղուց ժամանակն է 263-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատիժը խստացնելու: Օրինակ, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու, գովազդելու, իրացնելու, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելու համար հիշյալ հոդվածի 1-ին մասով նախատեսված ամենախիստ պատիժն ազատազրկումն է առավելագույնը 2 տարի ժամկետով, ինչը, առկա իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բավարար չէ:

 

 

Մի քանի տեղեկություն՝ «Էլլա» գիշերային ակումբի մասին. այն աշխատում է շուրջօրյա և շաբաթվա բոլոր օրերին: Պարզվում է Երևանում «Էլլա» անվամբ գիշերային ակումբների մի մեծ ցանց կա: Երևանի Արշակունյաց 59 հասցեից բացի, դրանք գործում են ևս չորս հասցեներում: Գիշերային ակումբ են, որտեղ ստրիպտիզ-շոուներ են կազմակերպվում, միաժամանակ բար են, ռեստորան: Տնօրենը Խաչատուր Մելիքյանն է: Գիշերային ակումբների ցանցը «Էլլա Էմանուելա» ՍՊԸ-ինն է: Հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը ՀՀ ոստիկանությունից կամ իրավապահ համակարգից, իրենց ցինիզմով, լկտիությամբ աչքի ընկնող հիշյալ գովազդային տեսահոլովակները պատրաստողներին, համացանցում տեղադրողներին երաշխիք տվե՞լ է, որ օրենքի հետ կապված խնդիր չեն ունենա: Քանի որ խոսքը գովազդին է վերաբերվում, կարծում եմ, առկա է նաև անբարեխիղճ մրցակցության փաստը:

 

 

Մեր ձեռք բերած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2009թ. սկսված, «Էլլա» գիշերային ակումբում, մեկն էլ ակումբի դիմաց, բազմաթիվ անձանց մասնակցությամբ հանցագործության առնվազն ութ դեպք է եղել: Երկու դեպքում կատարված խուլիգանության արդյունքում տուժողներին պատճառվել է միջին ծանրության մարմնական վնաս: Մի այլ դեպքում ակումբում սկսված կռիվը մեկ այլ տեղ ավարտվել է քաղաքացի Մ. Ասիրյանի որովայնին դանակով հասցված հարվածով, վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր մարմնական վնասվածք (կարող էր և մահանալ)։ Բռնություն է գործադրվել նույնիսկ ոստիկանների նկատմամբ, հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258, 112, 316-րդ հոդվածների հատկանիշներով:

 

 

Ի դեպ, գիշերային այլ ակումբներում ևս, թեև ոչ այսքան, քիչ չեն հանցագործության դեպքերը:Կարծում եմ, Ազգային ժողովը, եթե իսկապես ազգային ժողով է, վաղուց պետք է օրենք ընդուներ մեր ազգային ու քրիստոնեական նկարագրին լիովին անհարիր գիշերային ակումբների գործունեությունն իսպառ արգելելու համար: Բյուջեին դրանք կարող է մի քանի «գրոշ» տալիս են, բայց ի՞նչ են տալիս մեր ազգին, ժողովրդին, հասարակությանը, երիտասարդությանը, դրանց տված օգո՞ւտն է շատ, թե վնասը' բարոյական և այլ բնույթի: Հուսանք, որ գոնե սրանից հետո Ազգային ժողովը կշտկի իր բացը կամ էլ ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, եթե, իհարկե, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կիսի մեր մտահոգությունն ու կարևորի խնդիրը: Վարչապետին, Ազգային ժողովի պատգամավորներին դիմում եմ երջանկահիշատակ Սոս Սարգսյանի խոսքով՝ «Հարց եմ տալիս՝ մի՞ թե ձեզ համար միևնույնն է, թե վաղը ինչ քաղաքացիներ կունենանք»… Գիշերային ակումբներից մեկը նույնիսկ այնքան էր լկտիացել, որ 2013թ. հրավեր էր ուղարկել դպրոցականներին՝ «վերջին զանգի» երեկոն իրենց մոտ յուրովի անցկացնելու համար:

 

 

Թեև ունենք համապատասխան կադրերի լուսանկարները, սակայն դրանք այս հոդվածի հետ չենք հրապարակի, գետինը մտնելու բան են: Այս հրապարակումը, բնականաբար, չենք ուղեկցի հիշյալ այլանդակ կադրերը պատկերող այդ տեսահոլովակներով կամ դրանց յութուբյան հղումներով, քանի որ չենք ցանկանում դրանց տիրաժավորողը լինել, այդպիսի պղծություն ներկայացնել մեր ընթերցողներին, հասարակությանը: Բացի այդ, բացառված չէ, որ վաղը մեզ էլ մեղադրեն այլասերվածության հրապարակային քարոզչության և պոռնկագրական նյութեր տարածելու, գովազդելու մեջ: Այս հոդվածում գրվածը ստուգելու, համոզվելու ցանկություն ունեցողները դրանք կարող են գտնել «Յութուբում»: Փոխարենը' այն համոզվածությամբ, որ մեր երեխաները, պատանիները և, ընդհանրապես, հայ հասարակությունն արժանի չեն էկրաններին կանացի մերկ հետույքներ տեսնելու, հոդվածը կուղեկցենք մեծ հայերից մեկի՝ Սոս Սարգսյանի սթափեցնող խոսքը ներկայացնող տեսահոլովակով:

 


«Ո՛չ, դուք ժողովրդի ուզածը չեք անում, դուք ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին, սա է խնդիրը,- ասում է վարպետը:- Ես չեմ կարող էս բոլորի հետ հաշտվել, մեծ մարդ եմ, մեկ-մեկ մտածում եմ՝ դե, քո գործը չէ, քո ժամանակն անցավ, բայց հոգիս պատռվում է, ես չեմ կարողանում այդ բոլորը նայել: Էս մեր երեխաները նայում են, նայում են… Ի՞նչ մի մեծ բան է մերկ կինը, որ ցույց եք տալիս, ի՞նչ մի մեծ բան է: Կին է, ինքը, իր ընտանիքը, ես ինչո՞ւ պետք է տեսնեմ ուրիշ կնոջ ոտքի ազդրը, ինչո՞ւ… Ինչո՞ւ պիտի տեսնեմ, ինչո՞ւ են ցույց տալիս դա, սխալ, ամոթ բան է: Ամոթ բան է, գետինը մտնելու բան է, հա, և պարտադրում են, և գետինը մտնելու բան է, մենք էդ ազգը չենք եղել, մենք էդ ժողովուրդը չենք եղել: Հետո, էս ի՞նչ բան է… Ժամանակն է զգաստանալ, ես իրավունք ունեմ իմ տարիքի բարձրությունից ազգին դիմել' հայեր, զգաստացեք, էսպես չի կարելի, մենք կկործանվենք, ոտի տակ կգնանք»:

 

 

Ըստ Սոս Սարգսյանի, եկել է ժամանակը, որ այլևս հանդուրժել այն, ինչ որ արվում է հեռուստատեսությամբ, ինչ որ քարոզվում է հեռուստատեսությամբ, չի կարելի, պետք է դադարեցնել: Սոս Սարգսյանի խոսքը դեռ հեռուստատեսությամբ կանացի մերկ ազդրերի ցուցադրմանն է վերաբերվում, դա ու թերևս նաև հեռուստատեսությամբ մերկ հետույքների (վերը նշվածի «լայթ» տեսակը) ցուցադրումն էր տեսել, ու հոգին սկսել էր պատռվել է: Ինչ լավ է, որ «Էլլա» գիշերային ակումբի գովազդային հիշյալ տեսահոլովակները չի տեսել, ամենայն հավանականությամբ, ինֆարկտից կամ ինսուլտից տեղում կմնար: Հայաստանի Հանրապետության իշխանություններ, սթափվե՛ք:

 

 

Արթուր Հովհաննիսյան