Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը' մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը՝ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

 

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

 

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

 

Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։


Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Շահբազյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Նարե Գրիգորյանը, Զառա Մարկոսյանը, Սոֆի Մխեյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի։

 

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։


Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, այսօր կայացավ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մամուլի ասուլիսը:

 

«ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հաջողություններ մաղթեց փառատոնի մասնակից երիտասարդներին. «Արդեն չորրորդ տարին է՝ իրականացվում է «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամեն ինչ անում ենք, որ ընդլայնվեն փառատոնի շրջանակները: Մենք չգիտենք, որտեղ, ինչ պայմաններում հանկարծ կարող է ծնվել մի հանճարեղ միտք: Քանի որ շնորհքով մարդիկ շատ կան, բայց նրանք որպես կանոն ամաչկոտ են, մենք ամեն կերպ նրանց դրսեւորվելու հնարավորություն ենք տալիս: Ինչպես ասում են, օգնել է պետք շնորհքով մարդկանց, անշնորհքներն իրենք իրենց համար ճանապարհ կհարթեն»,- ասաց Քոթանջյանը:

 

«Արտ Ֆեստ» փառատոնի կերպարվեստի հանձնախմբի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանը նշեց, որ «Արտ Ֆեստ»-ն արդեն միջազգային ձևաչափով է ներկայանում.«Արտ ֆեստ»-ում խաչվում են բոլոր արվեստները և միաձուլվում սերունդները: Այս փառատոնը լավ առիթ է՝ հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով»,- ասաց նա:

 

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը նշեց, որ խնդիրը տաղանդավորներին բացահայտելն է. «Մեր խնդիրը տաղանդավոր երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է: Ժյուրիի կազմում բոլոր ոլորտներից շատ լուրջ մասնագետներ են հավաքված: Հուսամ՝ նոր ու հետաքրքիր անուններ կտեսնենք այս տարի»,- ասաց նա:

 

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանն էլ իր հերթին ողջունեց մասնակիցներին և նշեց, որ ամեն անգամ իր մեջ հույս է փայփայում, որ մեծահարուստները կսկսեն ուշադրություն սևեռել մշակույթի վրա, ներդրում կունենան, և կծաղկեցնեն մշակույթը. «Կան փառատոններ, որոնք պարզապես թղթի վրա գրվում են, որ կայացել են, և վերջ: Այս փառատոնը հաստատուն քայլերով գնում է առաջ: Ես իմ մեջ հույս եմ փայփայում, որ նման փառատոնները մեր մեծահարուստներին կստիպեն իրենց ուշադրությունը սևեռել և ներդրում ունենալ մշակույթի զարգացման գործում, քանի որ եթե մի երկիր չունի ուժեղ մշակույթ, ուրեմն ուժեղ չէ ոչ մի առումով»,- ասաց Մնացականյանը:


«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

 

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է)։

 

2013թ. առաջին անգամ կազմակերպած «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:

 

2014թ. մասնակիցների թիվը հատեց 200-ը։

 

2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկեց շուրջ 350 մասնակից։

 

2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ․․․